Ստեղծվել է հայկական երաժշտական նոր գործիք

bas-qanon
    Փետրվարի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ հայկական ազգային նոր երաժշտական գործիքի` բաս քանոնի շնորհանդեսը: Բաս քանոնը նորություն է ոչ միայն մեր ժողգործիքների մեջ, այլև առաջինն է աշխարհում որպես այդպիսին: Արդեն կա պատրաստի երեք բաս քանոն, որոնցից մեկը հասցրել է հնչել նաև Կրեմլում:
    Գործիքը պատրաստել է վարպետ Ալբերտ Զաքարյանը: Մտահաղացումը երգահան Արա Գևորգյանինն է. ««Մուշ» ստեղծագործությունս էի նախապատրաստում, ցանկանում էի 50 քանոնով անել, երբ ամեն ինչ գրեթե պատրաստ էր, լսեցի ու հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, բասն է պակասում: Ուսումնասիրեցի լարային տարբեր գործիքներ բաս հնչողությամբ, և միտք առաջացավ նոր գործիք ստեղծել»:
bas qanon1    Այսպես էլ ծնվել է բաս քանոնը: Երգահան Արա Գևորգյանը հանդիպել է վարպետ Ալբերտ Զաքարյանին եւ միասին սկսել են աշխատել և զարգացնել գաղափարը: Ութ ամիս երկարատև աշխատանքից հետո առաջին բաս քանոնը պատրաստ էր: Այսօր արդեն երեք բաս քանոն կա: Ամեն մեկը կրում է իր հովանավորի անունը` Ալվարդ, Նվարդ և Գոհար: Առաջինը ժամանակավորապես Մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբում է` որպես ուսումնական գործիք, երկրորդը նվիրել են «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին, իսկ երրորդն այսօրվանից իր տեղը կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ժողգործիքների կողքին: Վարպետն ու երգահանը նախատեսում են ևս 10-13-ը պատրաստել. «Մեր նպատակն է, որ բոլոր անսամբլներն ունենան բաս քանոն»,- նշեց վարպետը: Իսկ Արա Գևորգյանն ավելացրեց, որ եթե այդքանը կարողանան պատրաստել, առաջին բաս քանոնը կհանձնեն Պատմության թանգարանին:
bas-qanon-shnorhandes    Առնո Բաբաջանյան համերգասրահում տարբեր կատարումների միջոցով հանդիսատեսին ներկայացվեց բաս քանոնը: Ելույթ ունեցան Մանկավարժական համալսարանի քանոնահարների խումբը, Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Ներկայացվեց նաև բաս քանոնի ստեղծման պատմության մասին 7 րոպեանոց ֆիլմ:
    Շնորհանդեսի ժամանակ Մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրվեց վարպետ Ալբերտ Զաքարյանը` որպես առաջին բաս քանոնի հեղինակ:
      Մեզ հետ զրույցում Ալբերտ Զաքարյանն ասաց, որ շատ ուրախ է այսպիսի օրվա համար. «Երջանիկ եմ, որ իմ ստեղծածն արժանանում է այսպիսի գնահատականի»: Վարպետը նաև հույս հայտնեց, որ կգտնվեն այնպիսի երիտասարդներ, ովքեր կշարունակեն իր գործը. «Հիմա երիտասարդությունն այլ ձգտումներ ունի` համակարգիչներ, բիզնես և այլն, քչերը կցանկանան նստել և ժողգործիք պատրաստել. կլինեն իհարկե հատուկենտ մարդիկ, իսկ նրանց գտնել է պետք»:
Աննա Կարապետյան