Ստեղծագործելու համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել ամեն ինչ

Gagik Ghazaryan
    Ցանկացած ստեղծագործող-արվեստագետ արժանի է, որպեսզի լինի գնահատված և ընդունված արվեստասեր լայն հասարակության կողմից, ինչպես իր երկրում՝ ուր ապրում և ստեղծագործում է, այնպես էլ արտերկրում:
    Այլ հարց է, թե ստեղծագործող-արվեստագետը արվեստի որ բնագավառում է ստեղծագործում՝ քանդակ, գեղանկար, երաժշտություն և այլն, ստեղծագործում է դասական ավանդույթներին համավատրիմ մնալով, թե փորձում է գտնել իր ուրույն ոճն ու ձեռագիրը ժամանակակից հոսանքներում և կամ ստեղծագործում է երկուսն իրար սինթեզելով:
    Բնականաբար արվեստասեր հասարակությունը ունի իրավունք հավանելու և նախընտրելու այս կամ այն արվեստագետի, նրա կողմից ստեղծված այս կամ այն աշխատանքը, քանի որ այդ ամենը կախված է մարդկանց ներաշխարհից, բնությունը, իրական ու երևակայան աշխարհն ընկալելու, տեսնելու ու պատկերացնելու յուրովի մոտեցումից:
g.ghazaryan-cucahandes    Այս ամենի հետ մեկտեղ կան արվեստագետներ, որոնց աշխատանքները իրենց արդիականությամբ, թեմայի ընտրությամբ, խորությամբ, հետաքրքիր լուծումներով, ժամանակակիցի ու ավանդականի համադրությամբ հարազատ են շատերին, յուրաքանչյուր անձ, ով դիտում է որևէ քանդակ, գրաֆիկական կամ գեղանկարչական աշխատանք, գտնում է իրեն հոգեհարազատ, ասես իր հոգուց բխած և կտավին, թղթին, գիպսին, մարմարին, բրոնզին կամ այլն նյութի փոխանցած երևակայական և իրական պատկերներ, իրադարձություններ, որոնք բոլորն էլ համեմված են հանգստությամբ և ուրախությամբ, տխրությունամբ ու մտահոգությամբ և այլ զգացողություններով, իսկ տաք և սառը գույների համադրությունը ուղղակի կարող է բարձրացնել դիտողի տրամադրությունն ու դրական լիցքեր հաղորդել, դառնալ ոգեշնչման աղբյուր:
    Նկարիչ-քանդակագործ Գագիկ Ղազարյանի աշխատանքները հենց այսպիսինն են՝ հոգեհարազատ շատերին:
g-ghazaryan-cucahandes    Վերջերս Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության  «Կապույտ հյուրասրահ» ցուցասրահում բացվեց Գագիկ Ղազարյանի «Գագիկ Ղազարյան. գծերի և ձևերի աշխարհ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
    Ցուցահանդեսին ներկայացված էին 16 քանդակ և մոտ 40 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության նախագահ Ա.Ժարկինը, հայտնի արվեստաբան Մուդրովը, հայտնի ռուս նկարիչներ, քանդակագործներ, թատրոնի և կինոյի ներկայացուցիչներ և այլք:
    Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի արվեստասեր հասարակությունը առաջին անգամ էր ծանոթանում Գագիկ Ղազարյան արվեստագետին և նրա ստեղծագործություններին, ով իրավամբ համարվում է ժամանակակից հայ քանդակագործության լավագույն վարպետներից:
g-ghazaryan-cuc    Գագիկ Ղազարյանը 1961-1966 թթ.-ին սովորել և ավարատել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա 1966-1972թթ. Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (Սանկտ-Պետերբուրգ): Ուսանել է այնպիսի անվանի դասախոս-արվեստագետների մոտ, ինչպիսիք են Ցովյանը, Նազարյանը և Անիկուշինը:
    Գ.Ղազարյանը ՀՀ Նկարիչների միության անդամ է, 1998թ-ից ՀՀ նկարիչների միության խորհրդի քարտուղարն է: Այժմ դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ քանդակի և գծանկարի ամբիոններում (դոցենտ, պրոֆեսոր):
    Գագիկ Ղազարյանի արվեստում՝ քանդակներում և գրաֆիկական աշխատանքներում սինթեզված են հայկական և արտասահմանյան, այդ թվում նաև ռուսական բազմադարյան արվեստի ավնադույթներն ու ժամանակակից պլաստիկ արտահայտչաձևերը:
gagik-ghazaryan-cuc    Նկարիչ-քանդակագործը առանձնակի հետաքրքրություն ունի դեպի հեքիաթները, պատմությունը, դիցաբանությունը, որոնց արդյունքում էլ ստեղծվում են ստեղծագործությունները: Ինչպես արվեստագետն է նշում՝ ստեղծագործելու համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչ՝ բնությունը, կենցաղը, մարդը, շունը, որ իր համար հանգիստ նստած կամ պառկած է ստվերի տակ և այլն:
    Եթե քանդակներ անելիս Գ.Ղազարյանը ավելի պահպանողական է (ստեղծագործում է հիմնականում մոնումենտալ, դեկորատիվ, հաստոցային, ռելեֆային, փոքր ձևերի ժանրերում), ապա գրաֆիկական աշխատանքներում մոտ է ավանգարդիստներին, մասնավորապես Պիկասոյին:
    Նկարիչ-քանդակագործի աշխատանքները գտնվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ մասնավոր հավաքածուներում և թանգարաններում:
    Արվեստագետը սկսած 1972թ-ից մասնակցել է և շարունակում է մասնակցել հանրապետական, միջազգային, համամիութենական ցուցահանդեսների, սիմպոզիումների: 
 
Արվեստաբան Անի Հայկազուն
Լուսանկարաները՝ Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության 
կայքից և Գագիկ Ղազարյանի անձանակ արխիվից