«ՍՏԱՆՑԱՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻՆ» ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐՏԵՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Stanzas-in-August
Այս տարի «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի ընթացքում Լոս Անջելեսում առաջին անգամ հնչեց հայ ժամանակակից կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի N3 “Stanzas in August” («Ստանցաներ օգոստոսին», 2016) լարային կվարտետը։ Հայ ժամանակակից երաժշտության 3-րդ փառատոնի «Պրեմիերա» համերգի շրջանակներում այսօր Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։ «Ստանցաներ օգոստոսինը» հնչեց Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարմամբ։

«Լոս Անջելեսինը ավելի բաց գույնի էր, այս մեկն ավելի լարված, էմոցիոնալ, խիտ։ Չեմ կարծում, թե գենետիկայի հետ կապ ուներ քառյակի՝ ուրիշ ձևով կատարելը։ Ուղղակի այդպես զգացին, այդպես նվագեցին։

Երկու կատարումներն էլ ընդունում եմ։ Չեմ ասի՝ որն է ավելի լավ, վատ, բայց  Սարյանի անվան լարային քառյակի կատարումն ինձ համար հայտնություն էր»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։

N3 ” Stanzas in August”-ը մեկմասանի կոմպոզիցիա է՝ վեց բաժիններով, նախաբանով և ընդարձակ վերջաբանով։ Չնայած վերնագրի հետ կապված բաժինների ամփոփվածության գաղափարին, երկրորդ և վեցերորդ բաժիններն առավել մոտ են միմյանց, իսկ չորրոդ՝ ամենածավալունը, զարգացնում է նախաբանի դիատոնիկ նյութը՝ միաչափ ռիթմով հակադրվելով ամբողջ ստեղծագործությանը։

 «Տպավորված եմ։ Ստեղծագործությունը պրեմիերայով ներկայացնելը մեծ պատիվ էր։ Նվագով բացատրեցի, թե որքան առանձնահատուկ գործ է, բառերով ասել չեմ կարող»,- մեզ հետ զրույցում նշեց քառյակի ջութակահար Էրիկ Մանուկյանը։

Աննա Կարապետյան