ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Sisian-mshakuyt
  «Համապատասխան բյուջե չունենք։ Ունենք մասնագիտական և մանկական գրականության խնդիր։ Ժամանակակից գրողներից շատ քիչ գրքեր ունենք։ Երբ  գրադարանների կենտրոնացված համակարգը վերացավ (հիմա մենք կոչվում ենք քաղաքային գրադարան, այն ժամանակ համալրումը ստանում էինք Երևանից), այդ տավանից սկսած համալրում չի լինում»,-ասում է Սիսիանի քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը։
      Քաղաքային գրադարանն ունի մոտ 4000 ընթերցող։ Վերջին անգամ մոտ մեկ տարի առաջ են նախարարի անունից գրականություն ստացել։ Նվիրատվություններ էլ են լինում, բայց տնօրենի խոսքով նվիրում են այն գրքերը, որոնցից գրադարանում շատ ունեն։
    Cultural.am-ի հարցին, թե ինչ է փոխվել 2013 թվականին՝ հանրային գրադարանի կարգավիճակ ստանալուց հետո, տնօրեն Խաչատրյանը պատասխանեց․ «Անընդհատ նախարարության հետ կապի մեջ ենք։ Մի ժամանակ կարծես մեր կապը լրիվ կտրված էր։ Ազգային գրադարանից էլ են այցելություններ կատարում։ Սերտ կապերի մեջ ենք հատկապես Կապանի մարզային գրադարանի հետ»։
    984Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Սիսիան կատարած շրջայցի ժամանակ քաղաքային գրադարանի տնօրենը հարց բարձրացրեց գրադարանների՝ սոցփաթեթներում ընդգրկվածության մասին։
    «Գրադարանի, երաժշտական դպրոցի և կրթական հաստատությունների մանկավարժների սոցիալական փաթեթների հետ կապված ԿԳՆ-ի հետ սկսել ենք օրենքի մեջ փոփոխություն անելու վերաբերյալ քննարկում։ Պետք է սկզբից կրթության մասին օրենքում փոփոխություն անենք՝ դպրոցների կարգավիճակը փոխենք, որից հետո արդեն կարելի է խոսել սոցիալական փաթեթների մասին»,-նշեց նախարարը։
    Գծանկար, գեղանկար, կոմպոզիցիա, խեցեգործություն, դեկորատիվ արվեստ․այս ամենը ուսուցանվում է Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում, որն ունի իննսուն սան։ Տնօրեն Հովիկ Իսաջանյանի խոսքով նրանցից շատերը գեղարվեստի դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են երևանյան արվեստի բուհեր։
    Իսաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կա տանիքի վերանորոգման (դպրոցը հիմնադրվել է 1968,-հեղ․) և վարձատրության խնդիր։
    «Դաշնամուրային, վոկալ բաժինները հագեցած են։ Փողային գործիքների կարիք ունենք»,-ասում է Է․Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի տնօրեն Ռուբիկ Բարսեղյանը։
    971Սիսիանի միակ երաժշտական դպրոցն ունի հիմնանորոգման, ջեռուցման և երաժշտական գործիքների նորացման խնդիր։ Օրինակ՝ դպրոցի դաշնամուրը նվագում է 1970-ականներից մինչ օրս։ Մեր այցելության ժամանակ տեսանք նաև դպրոցի քանոնը, որի լարերը հազիվ էին կողք կողքի կանգնում։
    Տնօրենը, սակայն, բողոքել չի սիրում։ Ասում է՝ ունեն գործիքներ, լավ ուսուցիչներ, մեթոդական գրականություն։ Է․Ասյանի անվան երաժշտական դպրոցն ունի 180 սան։
    Շենքային վատ պայմաններում է նաև Սիսիանի մանկական արվեստի դպրոցը, որը գործում է 1986 թ․-ից, բայց այս ընթացքում չի հիմնանորոգվել։ Տնօրեն Արման Դավթյանն ասում է՝ լուրջ ներդրումներ են պետք, համայնքը այդքան գումար չունի։ Դասական, հայկական, ժամանակակից և այլ պարեր ուսուցանող արվեստի դպրոցում պետք է լուծվեն տանիքի, հատակի,  ջեռուցման խնդիրները, այլապես դպրոցի 105 սաները չեն կարողանա մշակութային կրթություն ստանալ այստեղ։
    Անդրադառնալով Սիսիանի մշակութային օջախների հիմնանորոգման հարցին՝ մշակույթի նախարար Հ․ Պողոսյանն ասաց․ «Հիմնանորոգման հարցը դժվար խնդիր է, որովհետև հիմնանորոգումների բյուջեները շատ սահմանափակ են։ Դրանք իրականացվում են Քաղաքաշինության նախարարության հատկացրած միջոցների հաշվին, և մենք պետք է փորձենք առաջնահերթությունները որոշելով ժամանակի մեջ կարգավորենք այդ խնդիրները։ Կան հարցեր, որոնց, անշուշտ, հրատապ կարգով լուծում կտանք։ Խոսքը վերաբերում է երաժշտական գործիքների խմբաքանակի, երաժշտական գրականության տրամադրման, նոր դասարանների բացման հարցերին։ Կարճ ժամանակահատվածում այդ հարցերը կկարողանանք կարգավորել»։
Աննա Կարապետյան