«Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը»

yair-auron
    Հունիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» («Սիոնիզմը և Հայոց Ցեղասպանությունը») գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա էր նաև հեղինակը: Մեկ տարի առաջ Կարեն Բաղդասարովը Իսրայելում լսել էր, որ մի պատմաբան ուսումնասիրում է հայկական ցեղասպանությունը և գրքեր է գրում այդ մասին: Վերջինս հանդիպում և հարցազրույց է վերցնում հեղինակից և առաջարկում գիրքը թարգմանել հայերեն:
    Գիրքն այսօր Աննա Սաֆարյանի թարգմանությամբ և որակյալ տպագրությամբ արդեն հայ ընթերցողի սեղանին է:
    Շնորհանդեսի սկզբում ցուցադրվեց մեկ տարի առաջ նկարահանված հարցազրույցը հրեա պատմաբանի հետ, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը՝ կարևորելով այս գրքի դերը հայ ժողովրդի համար: Ելութ ունեցան նաև գրքի առաջաբանի հեղինակ հրապարակախոս Զորի Բալայանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
 sionizmy ev hayoc ceghaspanutyuny   Պատմաբան Աշոտ Մելքոնյանը իր ելույթում անդրադարձավ գրքի կառուցվածքին և գրքում արծարծված մի շարք կաևոր հարցերի: Նա հատկապես կարևորեց Յաիր Աուրոնի խիզախությունը, որ նա, լինելով հրեա, անդրադարձել է այնպիսի հարցի, ինչպիսին է հրեաների մասնակցությունը հայոց ցեղասպանութանը: Նա գրքում փաստերով ցույց է տվել, որ հրեաները պայմանավորվածություն են ունեցել սուլթան Համիդի հետ և ըստ պայմանավորվածության մասնակցել են 1994-96թթ. հայկական կոտորածներին: Եվ հեղինակը այդ մասնակցությունը համարում է խայտառակություն: Գրքում նշված են նաև այն դեպքերը, երբ հրեաները օգնել են հայերին հենց նույն ցեղասպանության ժամանակ:
    Գրքի վերջում պատմաբանը փորձում է հասկանալ այն հանգամանքները, որոնց պատճառով այսօր Հոլոքոստ տեսած Իսրայելը դեռևս չի ճանաչում հայոց ցեղասպանությունը:
    Ելույթ ունեցավ նաև Յաիր Աուրոնի հետ Հայաստան ժամանած իսրայելցի պատգամավոր Յաիր Ցաբանը: Պարզվեց, որ վերջինս 80-ականներից ի վեր պայքարում է, որ իրենց խորհրդարանը ճանաչի հայոց ցեղասպանությունը: Նա նշեց, որ իրենց երկրում բավականին տարածված է Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, և որ ինքն ու ընկերները մեծ դասեր են քաղել ու ոգևորվել են այդ գրքով:
    Յաիր Աուրոնը սկսեց իր խոսքը՝ ասելով, որ իրեն հաճախ են հարցնում՝ ինչու է գրել այս գիրքը: «Գրել եմ, որովհետև չէի կարող չգրել այն»,- ասաց պատմաբանը: Նա ասաց, որ երբ 80-ականներին ինքն ականատես եղավ, թե ինչպես է իր երկիրն օգնում Թուրքիային, մի երկրի, որ ցեղասպանություն է իրագործել, իրեն դա անհասկանալի թվաց և փորձեց հասկանալ, թե ինչու է մի ժողովուրդ, որ առաջինը պետք է ճանաչեր ցեղասպանությունը, քանի որ ինքը նույնպես տեսել էր ցեղասպանություն, պաշտպանում ազգասպան երկրի զավակներին:
    Նա նշեց, որ հայոց ցեղասպանությունը եթե կանխվեր ժամանակին, դրանով հնարավոր է կանխվեր նաև հրեաների ցեղասպանությունը: Եվ այսօր պայքարելով հայոց ցեղասպանության ճանաչման համար, նա պայքարում է, որ աշխարհում այլևս չլինի ցեղասպանություն:
    Միջոցառումը իր ելույթով եզրափակեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նույնպես կարևորելով այս գրքի ծնունդը:
Իսկ շնորհանդեսի գեղարվեստական բացումը և փակումը վերապահված էր Հայաստանի պետական կամերային երգչախմբին: