ՇՏԵՄԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ

shtemaran
    Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հաղթանակ 70» էլեկտրոնային շտեմարանի շնորհանդեսը: Շտեմարանը հասանելի է Ազգային գրադարանի կայքէջում: Այնտեղ ներկայացված են Հայաստանում հրատարակված ռուսալեզու թերթերի, ամսագրերի հրապարակումներ, գրքեր, լուսանկարներ ու պլակատներ, որոնք ներկայացնում են երկրորդ համաշխարհային պատերազմը: Գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը տեղեկացրեց, որ նյութերը հավաքագրել են ընդամենը մեկ ամսում. «Փորձել ենք ընտրել ամենախոսուն ու ներկայանալի նյութերը: Ամբողջ նյութը հնարավոր չէր մեկ ամսում հավաքել, ընտրւթյուն է կատարվել մեր մատենագիտական բաժնի հայագիտական քարտարաններից, գրապահոցից:
    Առաջինը ներկայացրել ենք ռուսալեզու նյութերը, քանի որ դրանք արդեն իսկ նախապատրաստել էինք Ռուսաստանի ազգային գրադարանի ցուցահանդեսին մասնակցելու համար: Այնտեղ Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև պատերազմին մասնակից մյուս հանրապետությունները»: Նա հավաստիացրեց, որ շտեմարանը կհարստացվի նաև հայերեն և անգլերեն նյութերով ինչպես գրապահոցների, այնպես էլ արխիվի փաստաթղթերից:
    «Հաղթանակ 70» էլեկտրոնային շտեմարանն արդեն ընդգրկում է 140-ից ավելի նյութեր: Կան հետաքրքիր պլակատներ, որտեղ պատկերված են հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանները, թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ աշխարհում, զոհված հերոսների գրած բանաստեղծություններ, հատվածներ նրանց գրած նամակներից:
    Առաջին հրապարակված նյութը Հովհաննես Շավարշի պլակատն է (1941թ.): Պլակատը պահպանվել է ազգային գրադարանի ոչ գրքային հրատարակությունների բաժնում: Պատերազմը ներկայացված է մոր և երեխաների սարսափած հայացքների միջոցով: Պլակատի խորագիրն է՝ «Ֆաշիզմը սով է, աղքատություն և ավերում»:
     Էլեկտրոնային շտեմարանում ընդգրկված են նաև հրապարակումներ պատերազմին մասնակցած հայ կանանց, ինչպես նաև գրադարանավարների մասին: Հարցին, թե ինչ հուշեր կամ գրառումներ կան պահպանված պատերազմին մասնակցած գրադարանավարներից, ՀԱԳ աշխատակից Շողիկ Ոսկանյանը պատասխանեց. «Արխիվում հուշեր քիչ են պահպանվել, եթե գտնում ենք հոդվածներ թերթերից կամ ամսագրերից,  ցուցադրում ենք շտեմարանում»:
    Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց նաև «Հայ ժողովրդի մասնակցությունը հայրենական մեծ պատերազմին» զեկուցումը:
    Լուսանկարները տե՛ս այստեղ
Աննա Կարապետյան