«ՇԵՔՍՊԻՐՆ ԱՊՐՈՒՄ Է ՄԵՏՐՈՅՈՒՄ». ԱՅՍՕՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

shekspir-metro
«Համլետ», «Մակբեթ», «Լիր Արքա», «Օթելլո»․ անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգությունների հատվածները հնչեցին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում։

Արմեն Մազմանյանի բեմադրած «Ասք սիրո մասին» ներկայացման մեջ Մերկուցիոյի դերակատար, դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցեց հատվածներ ողբերգությունների հայերեն թարգմանությունից, ինչից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու հատվածներ «Փոքրթատրոնի» խաղացանկում ընդգրկված «Shake Speare» ներկայացումից։

Ներկայացման առաջնախաղը կայացել է այս տարվա փետրվարին։ Պարային բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանն է, խորեոգրաֆը՝ Թամար Այդինյանը։

«Միգուցե մետրոն տարօրինակ վայր է ներկայացում խաղալու համար, բայց  մեր նպատակը մարդկանց Շեքսպիրի ստեղծագործությանը մոտեցնելն էր։ Առօրյա կյանքում ամեն օր հանդիպում ենք այն բոլոր հոգեբանական, սիրային ողբերգություններին, որոնք նկարագրված են նրա ստեղծագործություններում։ Շեքսպիրը մնում է ամենաարդի հեղինակներից մեկը, թեև նրա մահից անցել է 400 տարի։ Պարի լեզվով փորձել ենք մտորել նրա ողբերգությունների շուրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը։

«Շեքսպիրն ապրում է մետրոյում» միջոցառումը նախաձեռնել էր Բրիտանական խորհուրդը՝ միանալով Շեքսպիրի մահվան 400-րդ տարվա առիթով կազմակերպվող համաշխարհային միջոցառումներին։ Թատերագրի ստեղծագործություններին նվիրված համաշխարհային ծրագրերը իրականացվում են խորհրդի «Շեքսպիրն ապրում է» նախագծի շրջանակներում։

Աննա Կարապետյան