Սեյրան Գրիգորյան. «Չարենցի բնագիրը»

charenc
                                             Ես այն չեմ այլևս, այն չեմ,
                                             Նայիրյան միամիտ այն պոետը,
                                             Որ ուզում էր երգերով թռչել
                                             Եվ անցնել այս նեղ արահետը:
                                                                       Եղ. Չարենց
    Ամեն օր նոր, ամեն բանաստեղծության մեջ իրեն նորովի բացահայտել ստիպող Չարենցին երևի երբեք չդադարեն ուսումնասիրել: Չարենցյան ստեղծագործությանը նվիրված գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների մի նոր ժողովածու է չարենցասերների, և ոչ միայն նրանց, սեղանին:
    Սեյրան Գրիգորյանի «Չարենցի բնագիրը» խորագրով ժողովածուն կշռադատված, լրացնող հայացք է չարենցագետների մինչ այս հրատարակած գրքերին: Ներառված են գրականագետի՝ տարբեր տարիներին Չարենցի՝ հատկապես անտիպ բնագրերի ուսումնասիրությանը նվիրված հոդվածները:
    Հեղինակն անդրադառնում է ինչպես վաղուց շրջանառվող, այնպես էլ մոտ անցյալում ընթերցողի դատին հանձնված չարենցյան ստեղծագործություններին, բնագրային շտկումներ կատարում, եզրույթային հստակություն մտցնում և այլն:
   Բանասիրական գիտությունների դոցենտ Սեյրան Գրիգորյանի հրատարակած գրքերն են` «Ժամանակակից խորհրդահայ պոեմը», «Պսակազերծում. Եղիշե Չարենց», «Պարույր Սևակ. Արձագանքող անտառը», «Բանասիրություն և բանավեճ»:
     Cultural.am կայքում կարող եք կարդալ «Չարենցի բնագիրը» հոդվածների ժողովածուում տեղ գտած «Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս», «Եղիշե Չարենցի տավտոգրամները», «Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին...» հոդվածները: 
                                                                                                                              Ռուզաննա Ոսկանյան