«ՍԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ». ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԻՐԱՎԵՊ

21
    «Վերնիսաժ» սրճարանում կայացավ արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» գրքի շնորհանդեսը: Գրքի անվանումից արդեն հասկանալի է, որ խոսքը սիրավեպի մասին է: Որքան էլ մեզ զարմանալի կարող է թվալ, բայց ժամանակակից հայ արձակում սիրավեպեր հազվադեպ են պատահում:
    «Սերը Մոսկվայում» գրքի շապիկին պատկերված է շիկահեր աղջիկ Կրեմլի ֆոնին, նույն է թե՝ կին գումարած փող և իշխանություն: Երևի նաև այս էր պատճառը, որ շնորհանդեսին մեծամասնություն էին կազմում տղամարդիկ, որոնց այլ գրքերի շնորհանդեսների ժամանակ դժվար թե տեսնենք:
DSC07521 Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի խոսքով՝ գիրքը սիրո մասին է, բայց ոչ միայն սիրո զգացողության իմաստով. «Գրքում առնչվում ենք սիրահարի դիմանկարի հետ, որը գլխավոր հերոսի դիմանկարն է: Կարծում էի՝ պիտի լինի ինքնակենսագրական, բայց կարդալով գիրքը հանդիպեցի ինքս ինձ, իմ դիմանկարն էլ տեսա: Հասուն տարիքի տղամարդու դիմանկար է՝ չափազանցված ինքնասիրությունից մինչև դրա կատարյալ բացակայություն, հանգամանքների, երևույթների ու մարդկանց նկատմամբ չափազանց ռացիոնալ մոտեցումներից մինչև կատարյալ իռացիոնալ մոտեցում, ամեն րոպե ժամանակի մեջ լինելու ձգտումից մինչև անընդհատ ժամանակավրեպ և անտեղի տեղերում հայտնվելը: Հերոսը մի ամբողջ ժամանակաշրջան ներկայացնող մարդ է, անձ, սուբյեկտ, DSC07515հեղափոխական ելևէջների միջով անցած մեկը, ով կարողացել է ինչ-որ ձևով դուրս պրծնել զանազան էլեմենտներից ու սողանքներից»:    
   Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Այն ներառված է «21» շարքում, որտեղ տեղ են գտնում ժամանակակից գրողների ստեղծագործությունները: «Սերը Մոսկվայում» գիրքը այս շարքում տասնչորսերորդն է:
Աննա Կարապետյան