Վ. Սարոյանի չորս պատմվածքները մեկ ֆիլմում. «Կիսալուսնի ծովածոցը»

kisalusni covacocy
    Մարտի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնի էկրան բարձրացավ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը: Ֆիլմի հիմքում ընկած են հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները` չորս պատմվածք: Պատմվածքների պատմություններն էլ միահյուսվել են և դարձել մեկ ամբողջություն շնորհիվ ռեժիսոր Մարինե Զաքարյանի:
    «Կիսալուսնի ծովածոցը» Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Ֆիլմը ստեղծելու համար 2012թ.-ին «Parallels Film» կինոընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013թ.-ին անգլիական Pollinger Itd-ից ստացել Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը:
    Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2012թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի` դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրի շնորհիվ: 2013թ.-ին ֆիլմը ավարտին հասցնելու համար իրենց աջակցությունն են առաջարկել նաև «Parallels Film» կինոընկերությունը և «Sharm pictures»-ը:
    Լիամետրաժ ֆիլմը Կիսալուսնի ծովածոց կոչվող քաղաքի, նրա մեծ ու փոքր բնակիչների տարբեր աշխարհայացքների մասին է. հերոսների հասունացման և աշխարհի ամենակարևոր բանի` հասկանալու ունակության ձեռքբերման պատմություն: Ներկայացված չորս պատմությունների հետ զուգահեռ փոխվում են տարվա եղանակները` գարուն, ամառ, աշուն, ձմեռ հերթականությամբ: Ֆիլմի դերակատարներն են Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նանոր Պետրոսյանը, Նարինե Գևորգյանը, Վիվիեն Բաստաջյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը և Կարեն Խաչատրյանը:
    Փորձառու դերասաններին միացել են նաև երեխաներ, որոնք էլ ֆիլմի հիմնական ասելիքը փոխանցողներն են. «Իրադարձությունները կառուցվում են երեխաների շուրջ, մենք` ծնողներս ընդամենը օգնող անձինք ենք,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհի Նանոր Պետրոսյանը և ավելացրեց,- իմ երեխաներն» այնքան միանգամից դերի մեջ մտան, որ ես էլ ակամայից հոգատար մոր դերը ստանձնեցի»: Անդրադառնալով ֆիլմի յուրահատկություններին` Նանոր Պետրոսյանն ընդգծեց, որ իր տեսակի մեջ ֆիլմը եզակի է. «Կիսալուսնի ծովածոցը» Հայաստանում նկարահանվող այն քիչ ֆիլմերից է, որն ասելիք ունի և՛ մեծերին, և՛ փոքրերին, այն կարելի է դիտել ամբողջ ընտանիքով»: Ֆիլմի անձնակազմը նախատեսում է պրեմիերայից հետո ֆիլմը ներկայացնել նաև ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխությանը, այնուհետև նաև Կաննի կինոփառատոնին:
Աննա Կարապետյան