«Ռոմանտիկ կոմեդիա»

big_1332753389_9759932

  Սեպտեմբերի 23-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումը (բեմադրիչ` Ժան Նշանյան, գլխավոր դերում` Գուժ Մանուկյան): Այն ստեղծվել է Բեռնարդ Սլեյդի համանուն ստեղծագործության հիման վրա: Հերոսները` Ջեյսոնը և Ֆիբին, թատերագիրներ են, որոնք տարիներ շարունակ աշխատում են միասին, իսկ արդյունքում արթնանում է սերը, որը շարունակում է ծածուկ մնալ, անգամ երբ Ֆիբին լքում է գործընկերոջը և ամուսնանում է Լիոյի հետ: Մինչև ներկայացման ավարտը թվում է, թե այդ սերը կսպառի իրեն ու կանցի բոլոր սերերի պես, սակայն այն ամեն ինչ հաղթահարում է, քանի որ մարդկային հարաբերությունների և առավելապես սիրո հիմքում ընկած է ընկերության գաղափարը: Իսկ ահա դերասանական խաղը ոսպնյակի պես հավաքում է այս ամենը և հանդիսատեսին մատուցում է հրաշալի ժամանակակից ներկայացում: Ինչպես Գուժ Մանուկյանն է նշել մարտ ամսին կայացած պրեմիերայի ժամանակ, իր համար չափազանց հաճելի է երկար բացակայությունից հետո այս ներկայացման մեջ գլխավոր դերը ստանձնելը, մանավանդ, երբ, կարդալով ներկայացման տեքստը, հավանել է այն և տեսել իրեն հերոսի կերպարում. «կարևորը` սեփական հերոսը կերտելու ընթացքում ապրես նրա ամեն մի ապրումը»: Միակ խնդիրը ներկայացման երաժշտության ընտրությունն է, որի ճիշտ ընտրության դեպքում այն կարելի էր համարել իսկապես ստացված:

    Հ. Գ. Նշեմ, որ ներկայացումը սիրված է հասարակության լայն շերտերի կողմից, ինչպես նաև մեր ղեկավարության: Սեպտեմբերի 23-ի ներկայացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և այլ պաշտոնյա անձինք:
                                                                                                                             Անի Հովհաննիսյան