Ռոման Բալայանն ու ուսանողներն ամփոփեցին 1,5 տարվա աշխատանքը

balayan ev usanoxner
Օրեր առաջ կրկին Հայաստան  ժամանեց աշխարհահռչակ ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը, ով 1,5 տարի շարունակ այստեղ ղեկավարում էր «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» (դպրոցը)։ Այս անգամ այցի նպատակը ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտումն էր և հավաստագրերի հանձնման արարողությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Հիշեցնենք, որ Բալայանի ղեկավարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» հենց ռեժիսորի մտահղացումն էր, որն իրականություն դարձավ «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի և ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի միջոցով  ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր արդեն ռեժիսորը ամփոփում է երկարատև աշխատանքի արդյունքները: Հարցին, թե արդյոք ռեժիսորը գոհ է ստացված արդյունքներից, Բալայանը նշում է․ «Կարող եմ հաստատ ասել, որ 10-ից 4-5-ը կարող են և զբաղվելու են ֆիլմարտադրությամբ։ Ես շարունակելու եմ աջակցել նրանց մի պայմանով, որ մնան և ստեղծագործեն հայրենիքում»։

Հավելենք, որ նախագծի  10 ուսանողներն ընտրվել էին 2012թ․-ի սեպտեմբերին՝ նախապես հայտարարված մրցութային ընդունելության քննության հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի կազմում էին Ռոման Բալայանը և Արմեն Մազմանյանը, ինչպես նաև  Իրակլի Կվիրիկաձեն, Սերգեյ Սոլովյովը, Անդրեյ Սմիրնովը։
 
Նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել և վարպետության դասեր անցկացրել կինոռեժիսորներ  Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսսին, Պավել  Ֆիննը, Ա․ Սմիրնովը, Ս․ Սոլովյովը, Ի․ Կվիրիկաձեն։