«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

rolan
    ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է: Այս տարի փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
    Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում»՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ:     
    Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:
  Փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում»: Կցուցադրվեն Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը:
     Կինոփառատոնի ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա առանց ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:
    Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2013 թվականից ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել է «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին ավելացել են ևս 3-ը:
    Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):
     2006 թվականից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:
    Փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, այս տարի առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է փառատոնին հայկական համայնքների անմիջական մասնակցությունն ապահովելով Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջն ամրապնդելը:
    Հատուկ ուշադրության է արժանի փառատոնի շրջանակներում նախատեսվող «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին:
    Ակցիային կարող են մասնակցել ինչպես անհատներն ու պետական կառույցները, հիմնադրամներն ու այլ կազմակերպություններ, այնպես էլ հանդիսատեսը՝ փառատոնային 5 օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր դիտումներին բերելով խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր: Ի դեպ ակցիան կշարունակվի նաև կինոդիտումներից հետո՝ տևելով մինչև նոյեմբերի 27-ը: Այդ ընթացքում հանգանակությունները կարող են հանձնվել ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ:
    Բարեգործական ակցիայի հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ հեռ. 010 54 02 30, 093 54 02 30, 09310 37 14: