Ռեժիսոր Հրաչյա Գասպարյան. «Փառատոնը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան…»

Axasi_Ayvazyan_logo
    Ինչպես հայտնել ենք, մայիսի 3-13-ը տեղի կունենա Այվազյանական թատերական փառատոն, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնել ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները:
    Ռեժիսոր Հրաչյա  Գասպարյանը, կարևորելով փառատոնի դերը, ասել է. «Ինձ թվում է, որ մեր գրականության մեջ Աղասի Այվազյանը ունի  իր հստակ տեղը, նշանակությունը և ապագան: Ես, որպես  ռեժիսոր, կարող եմ ասել, որ  նա  և՛ դրամատուրգիայում, և՛  սցենարական արվեստում նորարար է: Բացի այն, որ նորարար է, հետաքրքիր մարդ էր նաև: Նա մեծ հայ էր ու չնայած Թիֆլիսի մասին էր գրում, բայց կար ափսոսանք, որ մենք այդ մշակույթը կորցնում ենք, և նա իրավացի էր… Ու  քանի կա Այվազյան գրողը, իր գրականությունը, մենք մեզ կարող ենք հարուստ համարել: Ինքը  մի  քիչ փակ մարդ էր, ելույթներ քիչ էր ունենում, հանրությունը քիչ էր ճանաչում նրան, նրան ճանաչում էին արվեստագետները. և՛ վախենում էին, և՛ սիրում նրան: Հենց փառատոնի կարևորությունը այն է, որ հանրությունը ճանաչի նրան: Շատ հաճախ  նայում են նրա ֆիլմերը ու չեն ճանաչում: Ֆիլմում առաջ քաշած թեմաներ, որ միայն Աղասի Այվազյանը կարող էր բարձրացնել…»:

    Հիշեցնենք, որ փառատոնի ձևաչափը մրցութային է: Փառատոնի շրջանակներում ներկայացումները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան(ուհի) անվանակարգերին արժանանալու համար: Սահմանված են դրամական պարգևներ:
Նախագծի շրջանակներում ներկայացումները հայ հանդիսատեսին նախատեսվում է ներկայացնել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, Երևանի ուսումնական թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և այլն: 
    «Այվազյանական թատերական փառատոնի» ժյուրին բաղկացած է հետևյալ կազմից` Լևոն Մութաֆյան, Կարինե Խոդիկյան, Մարիաննա Մխիթարյան, Սոնա Մելոյան, Ալիս Հովհաննիսյան, Անի Փաշայան, Գոռ Մարգարյան: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրի տիկին Գրետա Վերդիյանը: Փառատոնի պրոդյուսերն է Նարեկ Արշակյանը:
    «Այվազյանական փառատոն-ի» հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժին (պատասխանատու՝ Սիրանույշ Նազլուխանյան)` հեռ. 055671277