Real art. Հոգի և մարմին

454
   2012 թվականին Գյումրու մշակութային դաշտում հայտնվեց «Real art» նախագիծը (համադրող՝ արվեստաբան Արաքս Մարգարյան), որը համախմբում էր ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներին: Նախագծի նպատակն էր կատարողական,  իրական (ոչ իրապաշտական) նկարչությունը հանրությանը ներկայացնելը: Համադրողի խոսքերով` նախագիծը խրախուսում է իրական նկարչությունը` անկախ ոճից և տեխնիկայի ընտրությունից: Նախագծի մասնակիցների թիվը փոփոխական է՝ ըստ նախասիրությունների և ցուցահանդեսների թեմաների: Իր առջև դրված խնդիրները «Real art»-ն իրագործեց և ունեցավ շարունակական ընթացք:
       Այս տարի հոկտեմբերի 25-ին Գյումրու Ռիժկովի 3 հասցեում գտնվող նորաբաց  ցուցասրահում կայացավ «Real art» նախագծի 3-րդ ցուցահանդեսը` «Հոգի և մարմին» խորագրով (մեկենաս` ԱԺ պատգամավոր  Արման Սահակյան/:  Ինչպես ցուցահանդեսի կոնցեպտում էր նշված, նախագծի նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հոգու ու մարմնի երկվությունն ու ամբողջանալու ձգտումը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին Ժակլին Սարգսյանը, Անի Ռաշոյանը, Արտակ Փիլոսյանը, Տաթև Հարթենյանը, Արտյոմ Սարգսյանը, Վազգեն Գևորգյանը, Արփինե Համբարյանը, Դավիթ Ավետիսյանը, Աշոտ և Մամիկոն Միքայելյանները, Ռիմա Գյոդակյանը, Անի Ավետիսյանը և Կարեն Թովմասյանը: Մասնակիցների մի մասը «Real art» նախագծի հետ է հիմնադրման օրվանից, մյուսները ցուցադրվում են առաջին անգամ (Տաթև Հարթենյան, Կարեն Թովմասյան, Ռիմա Գյոդակյան):
Real art      «Հոգի և մարմին» խորագիրն  արդիական է բոլոր ժամանակների համար` սկսած նախնադարից մինչև մեր օրերը: Նախնադարում մարմինը խոսակցություններ ու հարցեր չէր ծնում, քանի որ արդեն իսկ ամեն ինչ տեսանելի էր, սակայն անտեսանելի հոգին նախամարդիկ համարում էին մարդու ոչ իրեղեն և ոչ նյութական կերպարանք, որը նման է օդի, ստվերի կամ գոլորշու: Այն, ի տարբերություն մարմնի,  կարող է տեղաշարժվել ժամանակի և տարածության մեջ:
      Հոգու թեմային շատ փիլիսոփաներ են անդրադարձել: Դեմոկրիտոսն այն համարում էր նուրբ մարմին, որը ներառված է արյան մեջ: Պլատոնը գտնում էր, որ հոգին է զգայության և հիշողության հիմքը: Արիստոտելի կարծիքով հոգին գտնվում է սրտի մեջ, Դեկարտի կարծիքով` գլխուղեղում: Վերջապես, ի՞նչ է մարմինը, և ի՞նչ է հոգին. նկարիչներից յուրաքանչյուրը փորձում է տալ հարցի իր պատասխանը` անցկացնելով թեման ինչպես իրենց մտքի, այնպես էլ ստեղծագործության պրիզմայով:
    Մամիկոն և Աշոտ Միքայելյանները հավատարիմ են մնում իրենց ոճական սկզբունքներին: Եղբայրների հիմնական նյութը` այրված փայտը, այս ցուցահանդեսում ևս ուներ իր անփոխարինելի տեղը: Էլ ինչը, եթե ոչ հայելին, արտահայտելու էր հոգու և մարմնի երկվությունը յուրաքանչյուր կերպարի պարագայում: Ցուցահանդեսին որպես արվեստի գործ էր ներկայացված փայտով շրջանակված հայելին… Յուրաքանչյուրը հայելու մեջ տեսնում էր իր դեմքը, իր հոգին… Անհատը կարիք ունի ինքն իրեն գտնելու, «Ես»-ը հաստատելու իր իսկ պատկերի հաստատման միջոցով: Հայելին միջնորդն է մեր մարմնի ու «Ես»-ի միջև. այն լավագույն տարբերակն է մեր հայացքի համար, որը կճանաչի մարմինը` միջնորդավորելով այն «Ես»-ի հետ: Աշոտի գործը դառնում էր ավարտուն, երբ դիտողը վիզուալ հարաբերվում էր իր հետ ու տեսնելով իր ինքնությունը հաստատող պատկերը` ուղղակիորեն առճակատվում  մեկ այլ «ՄԵԾ» պատկերի, այն է` կնոջ դիմանկարի հետ, որն արված է հայելային մակերևույթի վրա: Այս գործը կարելի է համարել 2 տարբեր աշխարհներում ապրող մարմինների փոխներգործություն: Հանդիսատեսը` որպես ֆիզիկականի մարմնացում և կնոջ դիմանկարը` որպես հոգին կորցրած կերպար: Արվեստի գործն այս կերպ դարձել էր ինքնավար.  ցանկացած դիտող դառնում էր գործի համահեղինակ: Հայելու վրա նկարված դիմանկարը, սակայն,  հիշեցնել էր տալիս, որ անկախ այն հանգամանքից, թե ով է նայում հայելու մեջ, կնոջ արտացոլանքը երկխոսում է իր հետ:
Gyumri       Իր ինքնատիպ ոճով է ցուցահանդեսին ներկայանում Արտյոմ Սարգսյանը: Տարբեր նյութերի յուրօրինակ համադրությունն ամբողջանում է մեկ խորագրի տակ` «Երաժշտական զգացողություն»: Ձեռքեր, դաշնամուրներ, վարագույր, բեմ, կիթառ, աչքի ընկնող սիմվոլներ, այլ նկարիչներից արդեն ծանոթ մոտիվներ, մի շարք մտապատկերներ առաջացնող մակերևույթներ ու նյութեր…Արտյոմ Սարգսյանը ցուցահանդեսին ներկայացնում է միմյանցից տարբեր, բայց և միմյանցից բխող երկու շարք, որոնցից մեկը պատկերում է ձեռքեր և ռոյալներ /ձեռքերի գաղափարն առաջացել է Շոպենի ձեռքերը պատկերող վերատպությունը դիտելիս/, մյուսը` տարբեր նկարիչների ոճերից վերցված տարրեր, որոնք հեղինակը ներկայացրել է իր գաղափարների հետ համադրելով: Ա. Սարգսյանի ստեղծագործություններում տեղ են գտել Պիկասոյի կիթառը, Մատիսի «Երաժշտությունը», Դեգայի պարուհիներն ու Գորկու «Արորը և երգը»: Շարքը շարունակական է, այն ընդգրկում է նաև Վերմեերի, վան Գոգի, Յան վան Էյկի, Ռենուարի, Պաուլ Կլեի և շատ այլ նկարիչների մոտիվներ: Ըստ արվեստագետի` արվեստի ցանկացած «առողջ գործ» հոգևոր իմաստ ունի, քանի որ գեղեցիկ է այն, ինչը ծնվում է ներքին հոգեկան անհրաժեշտությունից և ծառայում է հոգուն: «Ինձ համար «ճիշտ արվեստը» ռեալ արվեստն է, ինձ համար աբստրակցիան ռեալ արվեստ է, Գորկին, Կանդինսկին ռեալ նկարիչներ են»,-ասում է Ա. Սարգսյանը:
     Մարմինն ունի իր հիմնական ուրվագիծը, սակայն հոգին անտեսանելի է, ցանկացած միստիկ երևույթի հետ ասոցացվող, չունի հստակ ձև, աներևույթ է… այսպիսին են Ժակլին Սարգսյանի  դեկորատիվ մարմինները: Սրանք ոճավորված հոգևոր մարմիններ են, որոնք արտահայտում են տվյալ հասկացության կենցաղային իմաստը: Հին Եգիպտոսում համարում էին, որ մարդու հոգին գտնվում է աչքերում: Ժակլինի կերպարների աչքերը ընդծված են, միշտ առաջին պլանում, ընդ որում, շատ են միաչքանի ֆիգուրները:
3    Խորագիրը առաջնային իմաստով են  ներկայացրել արվեստագետներ Արտակ Փիլոսյանը, Դավիթ Ավետիսյանը, Անի Ռաշոյանը, Ռիմա Գյոդակյանը, Անի Ավետիսյանն ու Արփինե Համբարյանը: Գեղանկարի միջոցով նրանցից յուրաքանչյուրը պատկերել է տարբեր մարմիններ, որոնցից ցանկացածն իր հերթին ի ցույց է դնում մարմին-հոգի անքակտելի կապը: Դավիթ Ավետիսյանը ներկայանում է «Բաքոսերգություն» շարքով, որը դառնում է էպիկուրյան փիլիսոփայության կրողը:  Անի Ավետիսյանն ու Արտակ Փիլոսյանն ի ցույց են դնում մերկ մարմիններ` արտահայտելով հոգու շարժումը: Վազգեն Գևորգյանն ու Կարեն Թովմասյանը հանդես են գալիս  դիմանկարներով: Առաջին արվեստագետն իր խմբակային դիմանկարի ֆոլկլորային  կերպարներով ցույց է տալիս գյումրեցի մարդուն,  գյումրվա մշակույթն ու նկարագիրը, քաղաքի ոգին: Երկրորդը գրաֆիկական դիմանկարներում  ցույց է տալիս կյանքի փորձ ունեցող, դժվարություններ հաղթահարած կնոջ կերպար, որը միաժամանակ և՛ հոգի է, և՛  մարմին:
       Իր դեկորատիվ ոճավորումներով ցուցահանդեսին ներկայացել էր նաև մոդելավորող-դիզայներ Տաթև Հարթենյանը: Նրա խոսքերով՝ ցանկացած աբստրակտ ոճավորում գալիս է հոգևոր աշխարհից: Մարմինն այստեղ ֆունկցիա չունի, ամեն ինչ հիմնված է հոգուց ծնված ոճավորումների վրա:
      Նախագծի հետագա նպատակներից է ներկայանալ ոչ միայն գյումրեցի հանդիսատեսին, այլև ցուցահանդեսներ կազմակերպել Հայաստանի այլ քաղաքներում և նույնիսկ արտերկրում:
         Այսպիսին էր «Real art» խմբավորման թվով 3-րդ ցուցադրությունը, որը համընկավ նաև Գյումրու նախկին պատկերասրահի վերաբացման հետ: Այն, ճիշտ է, նախկինի նման ընդարձակ չէ, սակայն Գյումրին այսուհետ ունի արվեստի ևս մեկ օջախ: «Հոգի և մարմին» ցուցահանդեսը փայլուն սկիզբ ազդարարեց ցուցասրահի և արժանի ընթացք  «Real art» նախագծի համար:
 
                                                                                                                         Գոհար Նավասարդյան