«ՔԱՆԻ՞ ԳՐՈՂ ՈՒՆԵՐ ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐ ՈՍԿԵԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ»․ ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

Grakan-Tapan
    «Խոսքը՝ հանուն կյանքի» նշանաբանով այս տարի երկրորդ անգամ մեկնարկեց «Գրական տապան» միջազգային փառատոնը, որը սովորաբար կազմակերպվում է աշնանը։ Այս տարի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ անցկացվել է նաև «Գրական տապան-ապրիլ» փառատոնը։
    Աշնանային «Գրական տապանը» միավորել է հայաստանյան և օտարերկրյա 47 գրողների։ Տասնութ երկրից ժամանած հյուրերի կազմում են նաև ռումինահայ անվանի գրող Վարուժան Ոսկանյանը, ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, շվեյցարահայ գրող Վահե Գոդելը։
    478Փառատոնի պատվավոր հյուր Վարուժան Ոսկանյանը հույս հայտնեց, որ «Գրական տապանը» կդառնա կարևոր կենտրոն Եվրոպայի փառատոների քարտեզի վրա․ «Գրական տապանը» պիտի բարեկամության և մշակույթի փառատոն լինի։ Մենք արժանի ենք, քանի որ մեր գրականությունը հազար հինգ հարյուր տարվա պատմություն ունի։ Կարո՞ղ եք ինձ ասել՝ քանի՞ գրող ուներ Եվրոպան մեր ոսկեդարի ժամանակ։ Մենք պետք է արտասահմանում տարածենք ժամանակակից հայ գրողների գործերը, օտարազգի գրողներն էլ պետք է գան և տեսնեն՝ որոնք են մեր քաղաքակրթության արժեքները։ Կարծում եմ՝ մշակույթը ամենալավ կամուրջը պետք է լինի Հայաստանի և Եվրոպայի, Հայաստանի և աշխարհի միջև»։
    «Գրական տապանի» համակարգող Դավիթ Մաթևոսյանը ողջունեց փառատոնի մասնակիցներին և հայտարարեց փառատոնը բացված։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան «Շողակն» և «Հարությունյան տրիո» համույթները։
 479«Այս հողի վրա, որ քաղաքակրթությունների հանգույց է, որի մշակույթը ազատ խոսում է և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ, որի բնակիչները ազատ ընկալում են Արևմուտքի և Արևելքի մշակույթները, փորձելու ենք միասին գտնել այն արժեքները, որոնք միավորում են մարդկանց։ Աշխարհն ապրում է ըստ շահերի, իսկ գրողն ապրում է ըստ արժեքների։ Շահերի և արժեքների այս հակադրության  մեջ մենք փորձում ենք գտնել տարբեր մարդկանց հետ մարդու լեզվով խոսելու բանալին»,-նշեց փառատոնի հիմնադիրներից գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Աննա Կարապետյան