Ա. ՊՈՂՈՍՅԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Artur-Poghosyan
 Երևանում և մարզերում մինչև տարեվերջ շուրջ 300 ծրագիր կիրականացվի՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

«Անկախության տարիների մշակութային ձեռքբերումներն ամենից լավ անկախության սերունդը կարող է ներկայացնել: Այդ նպատակով էլ Հայաստանի մարզերից և մայրաքաղաքից 700 շնորհալի երեխաներ ու երիտասարդներ են հավաքագրվել: Նրանցից կազմված «Անկախության սերունդ» համահայկական երգչախմբի և նվագախմբի տոնական համերգը կկայանա սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Մշակույթի նախարարի տեղակալը նախատեսված միջոցառումներից առանձնացրեց նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը, «Ավանդական և ժամանակակից տարազ» գիրք-ալբոմի հրատարակումը, անկախության շրջանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, միջազգային ռոք փառատոնը Գյումրիում և այլն:

Պողոսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ և հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Եգիպտոսում, Իրանում, Բուլղարիայում և այլ երկրներում:

Ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները՝ նախարարի տեղակալը նկատեց, որ հաշվետու ժամանակաշրջանում հատուկ ուշադրություն է դարձվել մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորմանը:

«Մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձելու է նպաստավոր պայմաններ ապահովել կինոյի ոլորտի համար հարկային արտոնությունների ձևաչափով: Այդ նախագիծը կարգավորելու է Հայաստանում արտադրվող և դրսից բերվող ֆիլմերի կինովարձույթը: Այն նաև սահմանում է ֆիլմերի տարիքային դասակարգում: Եթե մինչև հիմա այդ պահանջը չի ներկայացվել, ապա այժմ փորձելու ենք օրենքով պարտադրել այդ դասակարգումը»,- նշեց Պողոսյանը: 

Նա անդրադարձավ նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում առաջարկվելիք փոփոխություններին. «Գաղտնիք չէ, որ սոցիալական գովազդն այսօր հանրության որոշակի խավերի համար ինչ-որ գաղափարներ հանրահռչակելու կարևոր միջոց է: Այն կանոնակարգված չէր, մասնավորապես արտաքին վահանակների վրա տեղադրվողները: Այսուհետև արտաքին սոցիալական գովազդի տեղադրումն իրականացվելու է նախարարությանը կից հանձնաժողովի որոշմամբ»,- ասաց Պողոսյանը:

Մշակույթի նախարարի տեղակալի խոսքով՝ 2016 թվականի առաջին կիսամյակում նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ ուղղված հայկական մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը:

Նա կարևորեց Եվրոպայի Խորհրդի  «Եվրիմաժ» հիմնադրամին Հայաստանի լիիրավ անդամակցությունը, ինչպես նաև անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեին (2016-2020):

Սիրանուշ Հայրապետյան