«ՊՈԵԶԻԱՅԻ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ». ՖԼԵՇՄՈԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ

poezia-flashmob
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 21-ին, Պոեզիայի համաշխարհային օրը, միջոցառումների շրջանակներում Հյուսիսային պողոտայում հայ ժամանակակից բանաստեղծների և Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Պոեզիայի ընթերցումներ» ֆլեշմոբ:

«Այս տոնը կարևոր առիթ է խորհելու, թե ի՞նչ է մեզ համար պոեզիան, արդյոք նույն պաթետիկ ընկալումն է, թե՞ իսկապես կյանք, միս ու արյուն է, որով մենք ապրում ենք: Կարծում եմ պոեզիան մարդու հոգևոր ընկալումների ցուցիչ է, նաև գեղարվեստական մտածողություն»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ Նշան Աբասյանը:

Ժամանակակից հայ բանաստեղծի կարծիքով, մեր օրերում զանգվածային լրատվության միջոցների լայն տարածումն օգնում է գրողներին գտնել սեփական ընթերցողին, սակայն որոշակի բացեր, իհարկե, կան:

«Ես էլ եմ օգտվում մեդիայի գործիքներից և փորձում թե՛ իմ, թե՛ ժամանակակից մյուս հեղինակների գործերը ներկայացնել համապատասխան հարթակներում: Պետք է նշեմ, որ վերջին շրջանում հաճախ տպագրվելու և այդ կերպ աչքի ընկնելու տեսանկյունից հեղինակները շատացել են, բայց այնուամենայնիվ, ստեղծագործական մթնոլորտի առկայության պակաս կա»,- ասաց բանաստեղծը:

Ֆլեշմոբին ներկա էր նաև երիտասարդ բանաստեղծուհի Մանե Գրիգորյանը, որը նշեց, թե երիտասարդ ստեղծագործողները Հայաստանում ինչ խնդիրների են բախվում:

«Հայ երիտասարդի գիրքը տպագրվում է և դրանից հետո այդ մասին չի էլ խոսվում: Ես սա ասում եմ որպես հեղինակ, ով ևս այդ խնդրին բախվել է: Պետք է գրական գործակալներ լինեն, իսկ հրատարակիչներն էլ պետք է տպագրելուց հետո շահագրգռված լինեն տպածը տարածելու հարցում, այլ ոչ թե թողնեն, որ գրքերն իրար վրա մի անկյունում շարվեն»,- Cultural.am-ին ասաց Մանե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ: 

Ալինա Նահապետյան