Պոեզիայի տոնը գրախանութում

poezia2
  1999թ.–ից սկսած` ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ը նշվում է որպես Պոեզիայի համաշխարհային օր: Պոեզիայի սիրահարներ կան նաև մեր երկրում, և տոնը աննկատ անցնել չէր կարող:
   «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ Էդուարդ Հարենցի հետ: Հանդիպման սկզբում բանաստեղծը նշեց, որ հրապարակային խոսքի, հարցազրույցների սիրահար չէ: Բանաստեղծի քչախոսությունն է փաստում նաև այն, որ սա Հարենցի պոեզիայի երկրորդ քննարկումն էր: Պոետ լինելով հանդերձ` նա պոեզիայի մասին խոսել չի սիրում. «Չեմ կարող ասել, թե պոեզիան ինչ է, եթե իմանայի, միգուցե չգրեի»: Հարենցի խոսքով բանաստեղծությունն ինքն է գտնում իր հեղինակին և ստիպում ստեղծագործել. «Բանաստեղծությունն ինքն է քեզ պարտադրում ստեղծագործել, իրեն գրի առնել , ապրեցնել և նամակի պես հասցնել հանրությանը կամ ինքդ քեզ»: Ներկաներից երիտասարդ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը նշեց, որ Հարենցը մեր միջնադարյան հեղինակների` Նարեկացու, Շնորհալու ժառանգն է առանց վերապահումների. «Հարենցը շատ գեղեցիկ բանաստեղծական պտույտներ է կատարում. նրա խոսքի և մտքի շերտը, նրա բառերի միաձուլումը նման են մանուշակագույն բոցավառության: Հենց խորհրդավոր մանուշակագույնն եմ ես համարում Հարենցի պոեզիայի գույնը»:
  Պոեզիայի տոնը նշվեց նաև «Բյուրոկրատ» գրախանութում: Իրենց ստեղծագործություններն ընթերցեցին երիտասարդ բանաստեղծներ Հասմիկ Սիմոնյանը, Աննա Դավթյանը, Նշան Աբասյանը և Կարեն Անտաշյանը: Երիտասարդ սերնդին ոգևորելու և գնահատելու էր եկել նաև «գրական ավագանին»` Գուրգեն խանջյանը, Հենրիկ Էդոյանը, Ավագ Եփրեմյանը, Արմեն Շեկոյանը, Հովհաննես Երանյանը և ուրիշներ: Բանաստեղծ Արմեն Շեկոյանը նշեց, որ երիտասարդ բանաստեղծները մեկը մյուսից լավն են: Արձակագիր Հովհաննես Երանյանն էլ այս մտքին հավելեց. «Բուկինիստում լսեցինք Հարենցի հրաշալի պոեզիան, այստեղ էլ մեր չորս երիտասարդների գործերը. տոնը կայացավ»: «Բյուրոկրատ»-ում ընթերցվեցին նաև  Հովհաննես Գրիգորյանի, Սլավիկ Չիլոյանի և Արմեն Շեկոյանի ստեղծագործությունները: Տոնի և հանդիպման առիթով գրախանութը քարտեր նվիրեց չորս երիտասարդ բանաստեղծների, ի նշան համակրանքի` պարգևներ ստացան նաև բանաստեղծներ Հենրիկ Էդոյանն ու Արմեն Շեկոյանը: Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանն իր հերթին «Բյուրոկրատ» գրախանութին նվիրեց պոեզիայի երկլեզու (հայերեն, ռուսերեն) ժողովածու: Ժողովածուներն ընդգրկում են ժամանակակից հայ և ռուս պոետների ստեղծագործություններ: Դրանք վաճառքի ենթակա չեն: Ցանկացողները կարող են գրքերն ընթերցել գրախանութ-սրճարանում:
                                                                                                              Աննա Կարապետյան