«ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՉԴԻՄԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ»․ ՍԱՐՈ ԿԱԼԵՆՑ

saro-kalenc-cucahandes
 Այսօր՝ նկարիչ Սարո Կալենցի ծննդյան օրը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց Կալենցի ստեղծագործությունների՝ «Թափանցող լույսը» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված երկու տասնյակից ավելի աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվում:

«Ես հանրությանը ծանոթ եմ իմ սյուրռեալիստական աշխատանքներով: Սրանք նույնպես սյուրռեալիստական են։ Տասնյակ տարիներ աշխատել եմ, բայց երբեք չեմ ցուցադրել: Ինձ համար սա ավելի ազնիվ նկարչություն է, քան այն, ինչ ընդունված է, թե ես այդպիսին եմ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը։

Իր նկարներից խոսել Կալենցը չի սիրում, փոխարենը վերհիշում է դրվագներ կապված արվեստագետ ծնողների հետ։

«Սպարտական դաստիարակություն եմ ստացել։ Մայրս էլ շատ խիստ էր։ Չեմ մոռանա՝ ինչպես մի անգամ ինձ համբուրեց: Աշխատանքներիցս մեկը շատ էր հավանել, ասաց՝ դու լավ նկարիչ ես, տղա´ս, ու համբուրեց»,-  պատմեց նկարիչը։

Կալենցն ասում է՝ ծնողների ազդեցությունից խուսափում է, ազնվությունից խուսափել չի կարող․ «Փնտրում եմ ազնիվ մնալու, արվեստում երբեք խաբեության չդիմելու ճանապարհներ»։

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց, թե՝ սովորաբար ասում են՝ տաղանդավոր մարդկանց երեխաների վրա բնությունը հանգստանում է, բայց մեր աչքի առաջ ունենք դեպքեր, երբ չի հանգստանում:

«Սարո Կալենցն այն արվեստագետներից է, որը միշտ փնտրտուքների մեջ է, չի կարողանում հանգստանալ: Նա մտածող արվեստագետ է, որի  գործերում խորություն, ինտելեկտ կա»,- նշեց նա։

Սարո Կալենցի «Թափանցող լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված կլինի մինչև  հոկտեմբերի 20-ը:

Սիրանուշ Հայրապետյան