ՓՆՏՐԵԼՈՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

arman-ghushchyan-varpetutyan-daser
   Cultural.am-ի նախաձեռնությամբ այսօր երիտասարդ կոմպոզիտորների համար վարպետության դաս անցկացվեց Նարեկացի արվեստի միությունում: Դասընթացը վարում էր կոմպոզիտոր Արման Ղուշչյանը, որը Մոսկվայից օրերս է ժամանել Երևան:  Վարպետության դասի ընթացքում ձայնագրությամբ և պարտիտուրի ընթերցմամբ  ներկայացվեցին Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ուսանող-կոմպոզիտորներ Հովիկ Սարդարյանի, Ալվինա Կարապետյանի և Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները: Զրույց-քննարկումը մասնագիտական էր. քննարկվում էին ստեղծագործելու գաղափարական և տեխնիկական կողմերը: Երկուսն էլ, ըստ կոմպոզիտոր Արման Ղուշչյանի, կարևոր են: Ա. Ղուշչյանը գոհունակությամբ ասաց, որ հավանել է երիտասարդ  կոմպոզիտորների աշխատանքները, և քանի որ նրանք դեռ ուսանող են, կատարելագործվելու ժամանակ ունեն:
cultural master class Կոմպոզիտորը հորդորեց մասնակիցներին ուշադրություն դարձնել կոնցեպտուալ հարցերին, հիշել ժամանակի, ստեղծագործության կոնտեքստի մասին և հաշվի առնել պրոֆեսիոնալիզմի դերը, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով:
    «Երբեմն պետք է որոշակի գիտելիքից և հմտություններից հրաժարվես՝ գտնելու համար ինքդ քեզ, քոնը: Ստեղծագործությունն ունի սեփական գաղափարների նկատմամբ ճիշտ մոտեցում դրսևորելու կարիք: Կարևոր է, թե ինչպես են գաղափարները ռեալիզացվում ստեղծագործության մեջ: Կուզեի, որ ստեղծագործողները, բացի ինտուիտիվ ստեղծագործելու շրջափուլից, կարողանան վերադառնալ իրենց ստեղծածին և կատարելագործել այն»,- մեզ հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Արման Ղուշչյանը:
DSC05388  Կոմպոզիտոր Ալվինա Կարապետյանը ներկայացրել էր իր` սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը: Գործը դեռևս անանուն է: Սա նաև Ալվինայի դիպլոմային աշխատանքն է:
    «Սովորաբար խորհուրդներին չեմ հետևում: Տարօրինակ բան է՝ սովորում եմ, բայց չեմ սիրում, երբ ինձ սովորեցնում են: Բայց այսօր Ղուշչյանի հնչեցրած կարծիքների հետ համաձայն եմ: Պատրաստ եմ որոշ փոփոխություններ անել՝ հաշվի առնելով  նրա  խորհուրդները:
    Երբ երաժշտությունը գրվում է ու գալիս է այն հղկելու փուլը, ես դա չեմ անում:  Տպավորություն է, թե երաժշտությունից դուրս եմ գտնվում: Կհետևեմ նաև այդ խորհրդին՝ վերջում հղկել գործը և գաղափարի զոհը չդառնալ»:
cultural varpetutyan das    Ալվինան վարպետության դասը կարևոր է համարում. «Հնարավորություն ունես շփվելու և մտքերդ փոխանակելու կոմպոզիտորի հետ, ով քեզ չի դասավանդում, ում մտածողությանը միայն հեռվից ես ծանոթ՝ նրա երաժշտությունը լսելով:
  Հաճելի էր, որ նա իմ երաժշտությունն ասոցացրեց իգական սեռի հետ, փաստորեն երաժշտությունս էլ  կին է»,- նշեց  նա:
    Կոմպոզիտոր Մերի Դոլմազյանը նույնպես ստացած խորհուրդները կարևոր է համարում: Ասում է՝ ինչքան շատ կարծիքներ, այդքան լավ. «Կարծիքն օգնում է ձևավորվել որպես ստեղծագործող: Հատկապես տպավորվել են Ղուշչյանի գաղափարական խորհուրդները` կապված ստեղծագործական պրոցեսի հետ, ընդհանրապես կոմպոզիտորի ինքն իրեն գտնելու ճանապարհի մասին, ճանապարհ` հասկանալու՝  ինչի համար ես երաժշտություն  գրում, ինչ ես ուզում գրել»:
Աննա Կարապետյան