ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՒԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

peter-balakian
Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակին իր «Ozone Journal» բանաստեղծությունների ժողովածուի համար: Հաղթողների անունները հայտարարվել են ապրիլի 18-ին Կոլումբիայի համալսարանում` ուղիղ հեռարձակմամբ։

««Պոեզիա» անվանակարգում մրցանակի է արժանանում Փիթեր Բալաքյանը՝ Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուի համար, որն իր մեջ ամփոփում է նախկինում ունեցած կորուստների, ինչպես նաև ներկայիս վտանգով, անորոշությամբ լի ժամանակաշրջանի հիմքում ընկած ողբերգությունների ցավը»,- նշել է Պուլիցերյան մրցանակի ադմինիստրատոր Մարկ Փրայդը:

Այս տարի նշվում է Պուլիցերյան մրցանակաբաշխության հարյուրամյակը։ Բալաքյանի մրցանակակիր ժողովածուն Հայոց ցեղասպանության մասին է, ինչպես նաև՝ ժամանակակից աշխարհին վերաբերող մի շարք գլոբալ խնդիրների։