ՊԱՏՌԻՐ ԲԱՌՆ ՈՒ ՏԵՍ՝ ԻՆՉ ԿԱ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

magma2
    «Առաջնայինը անձնական փորձառությունն է՝ խոսել միայն այն ամենի մասին, ինչ  քո մաշկի վրա զգացել ես: Ինձ հետաքրքրում  են ոչ թե էքստրաօրդինար կերպարները, այլ սովորական մարդիկ՝ ես, իմ հարազատները, որոնք մահվան հետ առնչվող ինչ-որ փորձառություն են ունեցել: Ուզում եմ կարևորել մարդու անձը, ներաշխարհը, ավելի շատ խոսել հետևանքների, քան գործողությունների մասին»,- իր «Ծանր ջուր» գրքի շնորհանդեսի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ Արամ Մամիկոնյանը:

    Արամ Մամիկոնյանի «Ծանր ջուր» և Լուսինե Եղյանի «Մագմա» գրքերը բանաստեղծների առաջին ժողովածուներն են: Գրքերը խմբագրել է բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը: Շնորհանդեսը կայացավ հուլիսի 7-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

    «Գրքի բանաստեղծությունները պատմություն են մի պատանու, նոր ճանապարհ մտնող մարդու մասին, որը շարունակ փնտրում է իր եսը: Դժվար է խոսել մի գրքի մասին, որի հեղինակը դու ես, որը դրված է սեղանին, և արդեն իսկ բաց տեքստ է իմ մասին, բայց իմ դիտարկմամբ գիրքը մարդու մասին է, որն ընթացքի մեջ է, անցնում է  ինքնաճանաչման ուղի, բայց հանդիպող վախերը, հասկացվածության պակասը, մարդկանց հետ հարաբերությունները նրան ստիպում են անընդհատ դանդաղեցնել այդ ընթացքը:

    Ստեղծագործական ինչ-որ փուլ ավարտվել է այս գրքով: Ակնկալում եմ, որ գրքից հետո գրված բանաստեղծությունները նոր սկիզբ են, որովհետև թե´ իմ աշխարհայացքում, թե´ ապրելաձևում գլոբալ փոփոխություններ են եղել: Երբ գրում ես, ուզում ես ստանալ մի տեքստ, որն իր ամրության, ջրակայունության աստիճանով քեզ դուր կգա ու կլինի քո տեքստը: Հույս ունեմ, որ մի օր կգրեմ մի տեքստ, որն ամբողջովին կընդգրկի այն տարածությունները, որոնք քսան տարի շարունակ կուտակել եմ իմ մեջ»,- նշում է «Մագմայի» հեղինակ Լուսինե Եղյանը:

    Երիտասարդ գրողները բանաստեղծական շարքերի վրա աշխատելու ընթացքում նաև փորձել են միասին ստեղծագործել:

    «Հետաքրքիր էր ուսումնասիրել՝ արդյո՞ք շրջակա միջավայրն ու քո ներաշխարհը հաղորդակցման մեջ են, այսինքն՝ կապ ունի՞, թե որտեղ ես գրում: Ընտրում էինք տարբեր վայրեր՝ կայարան, Կասկադ, պարզապես կիսաքանդ շենքեր: Վերջում հանգեցինք այն եզրակացության, որ կապ չունի՝ որտեղ ենք գրում: Միևնույն ժամանակ կարողացանք հաղորդակցվել պոեզիայի միջոցով»,- պատմում է Արամ Մամիկոնյանը:

    Գրքերի խմբագիր Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ շատերի համար շոկային էր հեղինակների՝ միասին բանաստեղծություն գրելու փորձը, քանի որ պրոցեսն էր անհասկանալի: Ինքը՝ խմբագիրն այդ փորձը պոեզիայի սահմանները լայնացնելու ձև է համարում:

    Մեզ հետ զրույցում Սիմոնյանն անդրադարձավ նաև գրական շրջանակներում հեղինակների ձեռագրերը նմանեցնելու հանգամանքին, առանձնացրեց տարբերությունները:

    «Տարբերությունները հասկանալու համար թերևս պետք է նշել, թե իրենք ինչ ոգևորման աղբյուր ունեն, ինչից են սնվում, իրենց արմատները մինչև որտեղ են ձգվում: Արամ Մամիկոնյանի արմատները ձգվում են դեպի խոստովանական պոեզիա, ուղղություն, որը հիմնադրել է Սիլվիա Պլատը ԱՄՆ-ում: Պոեզիայում ծայրահեղությունների էին հասցվում հոգեկան հույզերը, ինքնասպանությունները, մեծ տեղ էր հատկացվում կյանքի ընթացքում ստացած տրավմաներին: Այս բոլոր խտացումները հայտնվում էին ֆրագմենտ առ ֆրագմենտ: Պոետը հայտնվում էր խոստովանողի դերում, խոսում տաբուավորված բաների մասին, որոնց մասին կենցաղում թերևս չէր կարելի խոսել կամ կարելի էր խոսել միայն խոստովանահոր առաջ: Եվ ահա պոետը համարձակվում է պատռել այդ դիմակը, ինչի շնորհիվ էլ պոեզիան կարողանում է լայնացնել իր սահմանները, հայտնվել մի ուրիշ սահմանում: Արամը գալիս է ասելու՝ երբ ես տալիս եմ բառ, պատռիր այն ու տես՝ ինչ կա դիմակի տակ:

    Երբ Լուսինե Եղյանի գիրքն էի խմբագրում, այնպիսի տպավորություն ունեի, որ երկար ժամանակ չեմ տեսել, չեմ լսել, զգայարաններ չեմ ունեցել, ու հանկարծ մեկն ինձ այսքան զգացողություններ է տալիս, կամաց-կամաց հասկանում եմ՝ որտեղ են քիթս, աչքերս, որոնք ոչ միայն մարդուն, այլև մարդուց այն կողմը տեսնելու համար են: Լուսինեի տեքստը ավելի շատ դիցաբանական հիմք ունի: Փորձում է ամենահին բաների, օրինակ՝ հողի մեջ ճանաչել իր նախնիներից յուրաքանչյուրին ու նրանց բոլորի մեջ ճանաչել ինքն իրեն: Երկու պոետների մեջ էլ կարևորում եմ պատկերի միջոցով ցույց տալը, բայց նրանք շատ տարբեր են տեսնում: Եթե Լուսինեն անընդհատ դեպի հետ է գնում, Արամի մոտ ներսուզումներ են՝ գնում է դեպի ինքն իրեն»,- նշեց նա:


Աննա Կարապետյան