ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ, ԱՆՀԵՏԱՑՈՂ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ (2015Թ․ ԱՄՓՈՓՈՒՄ)

Azgayin-patkerasrah-2015-i-ampopum
    Հայաստանի ազգային պատկերասրահն (ՀԱՊ) այսօր ամփոփեց իր՝ 2015 թվականի գործունեությունը։ Պատկերասրահի համար նույնպես տարին նշանավորվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով։ ՀԱՊ գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կազմակերպվել են «Վկայություն», «Ապրելու ենք», «Պատասխան՝ 100 տարի անց․անցյալը ներկայում», «Ոչ ցեղասպանությանը», «Գաղթ» խորագրերով ցուցահանդեսները։
    Տարվա ընթացքում ՀԱՊ-ն աչքի է ընկել նաև հոբելյանական ցուցահանդեսներով, այդ թվում՝ Կոմիտասի 145, Սեդրակ Առաքելյանի 130, Եղիշե Թադևոսյանի 145 և Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսները։
    Պատկերասրահի ղեկավար, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արման  Ծատուրյանը տեղեկացրեց, որ կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանի ջանքերով Վրաստանից Հայաստան է բերվել Եղիշե Թադևոսյանի արխիվը։
    Հանրապետության գլխավոր գեղարվեստական թանգարանի ցուցանմուշները ներկայացվել են նաև արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Լեհաստանում և Իտալիայում կազմակերպված չորս ցուցահանդեսների ժամանակ։
    Վերականգնվել է 262 աշխատանք, որոնց շարքում նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործությունը՝ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը։ Կտավը վերականգնումից հետո վերադարձվել է Ռոստով՝ Ռուս-հայկական բարեկամության թանգարան, ինչից հետո Ավանեսովի «Մայրը» կտավը  համալրել է պատկերասրահի կտավների շարքը։
    Պատկերասրահին անցյալ տարի նվիրել են 78 ստեղծագործություն։ Արման Ծատուրյանն առանձնացրեց Իրանում ապրող հայազգի նկարիչ Էդման Այվազյանի գործերը։
    «Այվազյանը հայտնի է Իրանում, իսկ մեր հայրենակիցները գրեթե չեն ճանաչում նրան։ Մենք պատկերասրահի համար նոր էջ ենք բացում՝ լուսաբանելով մեր սփյուռքահայ նկարիչներին։ Ապրելով այստեղ և ճանաչելով այն նկարիչներին, արվեստագետներին, ովքեր ապրում և ստեղծագործում են մեր կողքին՝ մենք շատ քիչ բան գիտենք սփյուռքահայ արվեստագետների մասին, որոնք ապրում են Իրանում, ԱՄՆ-ում և այլուր։ Մենք սփյուռքահայ նկարիչների շարք ենք ունենալու»,- նշեց նա։
1 azgayin patkerasrah    Պատկերասրահի ղեկավարի խոսքով՝ շենքը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։
    «Վաղուց ծանրացած հարց է, որ բոլորին է հուզում։  Դեռ հստակ ոչ մի բան չկա, բայց ծրագրվում է, երկրի ղեկավարությունը շատ է ուզում շենքային պայմանների հարցը գոնե այս տարի լուծել։ Չեմ կարող հստակ ասել, որովհետև ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել, բայց հիմա արդեն լուրջ աշխատանք է կատարվում։ Հուսով եմ, որ գոնե այս տարի պաշտոնապես կհայտարարվի ՀԱՊ նոր շենքի մասին։ Չեմ կարող ասել՝ որտեղ կլինի այն»,- ասում է Ծատուրյանը։
    Մեկ այլ, բայց ոչ պակաս կարևոր խնդիր է նաև պատկերասրահի ցուցանմուշների անհետացման հարցը։ Արման Ծատուրյանի խոսքով՝ նույնիսկ աշխարհի առաջատար թանգարաններից գողանում են, բացառելը շատ դժվար է․ «Մենք ծրագրել ենք տեղադրել շուրջ 120 տեսախցիկ ֆոնդերում և միջանցքներում»։
    Պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանն ասում է՝ գոյության շուրջ հարյուր տարիների ընթացքում անհետացել են ընդամենը 164 թանգարանային առարկաներ, որոնց մեծ մասն անհետացել է կամ հենց ցուցադրությունից, կամ տրված է եղել այլ կազմակերպության ժամանակավոր ցուցադրության համար և այնտեղից է անհետացել։
    Վերջին հինգ տարիներին պատկերասրահը ծառայում է նաև որպես կրթօջախ։ Հանրակրթական դպրոցների աշակերտական խմբերն այստեղ են գալիս մասնակցելու տարբեր խաղ-էքսկուրսիաների։ Նախորդ տարվա համեմատ 12%-ով աճել է նաև Ազգային պատկերասրահի այցելությունների ցուցանիշը։ Պատկերասրահի ղեկավարը, սակայն, ցուցանիշը բավարար չի համարում․ «Վատ չէ, բայց, իմ կարծիքով, հայ ազգի համար, երբ բոլորս ամեն քայլափոխի ասում ենք՝ մշակութային ազգ ենք, 84.165 այցելուն, այն էլ 13 մասնաճյուղերի հետ միասին, քիչ է»։
    Հիշեցնենք, որ  ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։
Աննա Կարապետյան