«Պատասխան՝ 100 տարի անց»

100 tari anc

   Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները հավաքագրելու և «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ամփոփելու նպատակով։

   Հայոց ցեղասպանության նյութը բազմիցս ենթարկվել է մասնագիտական վերլուծությունների, հրատարակվել են բազմաթիվ գրքեր և աշխատություններ, սակայն ներկա ինֆորմացիոն պատերազմների ժամանակաշրջանում հաղթելու հավանականությունը մեծապես կախված է ճիշտ թիրախավորված ինֆորմացիոն հոսքերից և հանրահռչակման միջոցների արդիականությունից:

   «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը բաղկացած կլինի հետևյալ 3 բաժիններից.

   • 1-ին բաժին. Հայոց ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները և դրանց ի պատասխան՝ մերօրյա անվանի հայ և օտարազգի գործիչների պատասխան-արձագանքները:

   • 2-րդ բաժին. 100 տարվա ընթացքում հայ և օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները Հայոց ցեղասպանության փաստին: Այս բաժնում կամփոփվեն նաև Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների հավաքական նամակին ի պատասխան՝ «Պատասխան` 100 տարի անց» խորագրով շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքները:

   • 3-րդ բաժին. Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումները և դրանց շուրջ գեղանկարի և քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Այս բաժնում կներառվեն նաև Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացումից փրկված արվեստի նմուշներ` կից ծանոթագրական նյութերով:

    Պատկերագիրքը կառանձնանա  ինքնատիպ ձևավորմամբ` թեմատիկ լուծումներով:

   Ծրագիրն ունի ոչ պակաս կարևոր մեկ այլ նպատակ ևս. «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրի ներքո ներկայացնել մերօրյա տաղանդավոր երիտասարդ հայ գործիչներին` որպես հայ ազգի վերածնունդ և հաղթանակ:

   2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական աշխատանքների և քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագրքում և կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նույնանուն ցուցադրության շրջանակում։ Եթե ցանկանում եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայած պատմության շուրջ, մասնակցության հայտի հետ ներկայացրեք այն՝ ավարտուն շարադրված և ճշտգրիտ վավերագրված։ Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները։ Մասնակցության հայտերն ընդունվում են ս. թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  էլեկտրոնային հասցեով (նույն հասցեից Դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան):
   Հայտաձևը կարող եք բեռնել ստորև։