ՊԱՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ Հ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ

patani-dashnakaharner
Կոմիտաս, Հարո Ստեփանյան, Բելա Բարտոկ, Ֆրեդերիկ Շոպեն, Լյուդվիգ վան Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Յոհաննես Բրամս: Այս անգամ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմում պատանի դաշնակահարներն էին`  իրանցի 13-ամյա Ռոնա Ռահբարին ու 16-ամյա Վարդան Գյոդակյանը: Հարո Ստեփանյանի մշակումները  գրեթե չէին կատարավել, դրանք Կոմիտասի թանգարանի-ինստիտուտի երաժշտահամերգային ծրագրերի ղեկավար Սարինա Ավթանդիլյանը գտել է կոմոպոզիտորի արխիվից:

«Դրանք արժեքավոր ստեղծագործություններ են, որոնք մոռացված են և գրեթե չեն կատարվել, ժողովրդական երգերի նման մշակումները հայկական դաշնամուրային գանձերից են, ուստի չպետք է աչքաթող անել նման ստեղծագործությունները»,- cultural.am-ի հետ զրույցում ասաց Սարիան Ավթանդիլյանը:

Երաժշտահամերգային ծրագրերի ղեկավարը նաև շեշտեց, որ  ծրագրում Կոմիտասի և Հարո Ստեփանյանի մշակումների առկայությունը պատահական չէ. համերգը նաև միտում ուներ զուգահեռներ տանել երկու կոմպոզիտորների մշակումների միջև:

Լուսինե Գրիգորյանը` Ռոնա Ռահբարիի ուսուցչուհին, շեշտեց, որ նման երաժշտական երեկոների  կազմակերպումը, ինչպես նաև նոր մշակումների ներկայացումը, հասարակությանը  կարող է մղել դեպի դասականը. «Նման միջոցառումներ անհրաժեշտ է կազմակերպել ոչ միայն մեծահասակների, այլ նաև մանկապարտեզային տարիքի երեխաների համար: Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցը հաճախ է երաժշտական ցերեկույթներ կազմակերպում հենց մանկահասակների համար, և փորձը ցույց է տալիս, որ երեխաները խորասուզված ունկնդրում են անգամ ամենաբարդ դասական ստեղծագործությունները»:

Էլմիրա Միրաբյան