Փառատոնը կրկին հետաձգվում է…

Axasi_Ayvazyan_logo
    «Ուղարկեք  նամակի տարբերակով, բյուջեն  դեռ հաստատված  չէ... սպասեք ընտրությունների ավարտին...  նախարարը  քաղաքում չի... նորություն լինելուն պես կկապվենք ձեզ հետ... արդեն բյուջեն հաստատվել է, ուշացել եք… սպասեք…»,  այս  և  նմանատիպ  պատասխանների էին բախվում` դիմելով պատկան մարմինների` աջակցություն ստանալու համար: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի ժյուրիի նախագահ թատերագետ Լևոն Մութաֆյանը  նշեց, որ դրամատուրգներ քիչ ունենք, որոնք ձևավորում են թատրոնի տեսակ: Նախորդ փառատոնն իր շուրջ է համախմբել պրոֆեսիոնալ, երիտասարդական, սիրողական, դպրոցական թատրոնների: Այս տարի ևս մասնակցության հայտերն արդեն իսկ շատ են: Այս անգամ մասնակից քաղաքների աշխարհագրությունն էլ է մեծացել: Մեծ ոգևորությամբ են պատրաստվել ոչ միայն Երևանի այլ նաև մարզերի թատրոնները և թատերախմբերը: Սա այն եզակի փառատոներից է, որի պետական աջակցությունը շատ քիչ է։ «Այս փառատոնը մեծ ֆինանսներ չի պահանջում, պահանջում է վերաբերմունք, որը չկա»,- նշեց Մութաֆյանը: Խոսելով Այվազյանի և նրա ստեղծագործությունների մասին` Գրետա Վերդյան-Այվազյանը ընդգծում է, որ Այվազյանը ոչ միայն իրեն է պատկանում այլև ողջ հայ ժողովրդին: Նրա ստեղծագործությունները նույնպես հայ ժողովրդինն են, բայց, ցավոք, այսօր, իրենք փաստի առաջ են կանգնած, քանի որ դեռևս անհայտ է, թե որտեղ կանցկացվի փառատոնը, միայն հայտնի է, որ փառատոնի բացումը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գումար է տրամադրել ոչ թե փառատոնը անցկացնելու համար, այլ այն հատկացրել է մի թատրոնի Աղասի Այվազյանի ստեղծագործությունը բեմադրելու համար: Քանի որ այս փառատոնի համար չեն վաճառվում տոմսեր, ուստի բոլոր ծախսերը ընկնում է կազմակերպիչների ուսերին: Կազմակերպիչները ցավով այս էլ արդեն 3-րդ անգամ հետաձգում են փառատոնը:
    Այվազյանագետ Անի Փաշայանը խոսելով մշակութային արժեքների պահպանման կարևորության ու նաև գրողի ստեղծագործությունների մասին` հավելեց. «Այվազյանի դրամատուրգիան մոռացության մեջ չէ, սակայն նրա գործերը անճանաչելի են, սա այն արվեստագետն է, ում ստեղծագործությունները կարող են իրավմամբ բուժել բոլոր թևերը»:
    Այս ամբողջի մեջ արդեն երկար ժամանակ է մի միտք է անընդհատ պտտվում գլխումս. ա՛յ հարգարժան պատկան մարմիններ, գիտենք, որ ձեր զբաղվածությունը մեծ է, բոլորն են տեղյակ, ազգս ամենուր խոսում է ձեր լայնամասշտաբ մշակութային ծրագրերից, որոնք հատկապես երիտասարդների զարգացմանն ու բարգավաճմանն են ուղղված: Դժվար է, գիտենք, չեք հասցնում բոլորին աջակցեք հազիվ նրանց ովքեր կարողանում են շուտ կապ հաստատել ձեզ հետ ու այս բուռն աշխատանքային, մշակութային թեժ պահին մեկ էլ որտեղից որտեղ Փառատոն, հերիք չի Թատերական, այն էլ`Այվազյանական: Դե արի ու իր ղեկավարի մոտ աշխատել ցույց տվող մամուլի, հիմնադրամների, մարկետինգի բաժինների չգիտես ում կամ ինչի Պատասխանատուներին, ամոթ էլ է, հասկացրու թե Աղասի Այվազյանն ով է. գրո՞ղ է, թատրոնի հետ ի՞ նչ կապ ունի, չունի… այնպես հասկացրու, որ ինքը չզգա, որ դու հասկացել ես, որ ինքը տեղյակ չի: Այնպես հասկացրու, որ ինքն էլ իր ղեկավարին, ով անընդհատ գործուղումների մեջ է, բացատրի, թե իրենց ինչ կտա, ասենք, փառատոնին աջակցությունը, ախր դեմը ընտրություններ էլ չի… էհ…չենք թողում էլի աշխատեն հո զոռով չի անընդհատ փող ենք ուզում,խանգարում ենք օրը տաս անգամ անշնորքի պես զանգում ենք, դա էլ հերիք չի, մի հատ էլ մամուլի ասուլիս ենք հրավիրում…
Սիրանուշ Նազլուխանյան
«Այվազյանական փառատոնի» մամուլի բաժնի պատասխանատու