ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՂ «ՖՐԵՍԿՈՆ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

457
    Հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը:
    Նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը ոչ միայն հոգևոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային   քննարկումների կազմակերպումը:
    Այս տարի փառատոնի ծրագրում ներառված են նաև լուսանկարների ցուցահանդեսը և ավազանկարչական շոուն, որոնք Կարապի լճի տարածքում դիտելու հնարավորություն կունենան բոլորը:  
    Հայաստան բերված ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով կմտնեն փողոց:  Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 9 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ բարձերը, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:
    Փառատոնի մի մասը կանցկացվի Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում:  Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում իր նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների: Վրաններ, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
    Այս տարի ևս փառատոնն ունենալու է մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Մասնակցում են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու... քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:
    Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքներում: