«ՊԱՊՍ՝ ԲՐՈՒՏ ԳԱԼՈՒՍՏԸ, ԿԱ «ԿՅՈՐԵՍՈՒՄ»»․ ԲԱԿՈՒՆՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉ

Aksel-Bakunc
    Սարյանի, Ասլամազյանի կտավների բնօրինակները, Բակունցի լուսանկարչական ապարատը, այգեգործական սրսկիչը․ ահա այն իրերը, որոնք առավել հետաքրքրական են Ակսել Բակունցի տուն-թանգարանում (Սյունիքի մարզ, ք․ Գորիս)։            
    Թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի խոսքով Բակունցը առաջինն է Գորիս բերել այգեգործական սրսկիչ օգտագործելու մշակույթը։
    Տուն-թանգարանում լուսանկարների, փաստաթղթերի, գրառումների և անձնական իրերի միջոցով ներկայացված է հեղինակի կյանքն ու ստեղծագործությունը։ Պահպանված է նաև Բակունցի ընտանիքի խոհանոցը՝ իր թոնիրով, ինչը պատմական շունչ ու կոլորիտ է հաղորդում թանգարանին։
    0125Թանգարանի վարիչի խոսքով վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը աստիճանաբար շատանում է, բայց հիմնականում հայեր են գալիս․ «Ներքին զբոսաշրջիկներն են, արտասահմանցիներին Բակունցը շատ հայտնի չէ»։
    Ինչպես ցանկացած գորիսեցու, այնպես էլ Վարդան Սարգսյանի համար Բակունցը պաշտամունքի առարկա է։
    «Ակսել Բակունցի հետ կապված ամեն բան թանկ է մեզ համար։ «Կյորես»-ում նա ներկայացրել է մեր հին Գորիսի մնացորդները, ավերակները, քարանձավային մասը, նկարագրել է հնի ու նորի բախումը։ «Կյորեսը» մեզ համար արժեքավոր է, քանի որ այնտեղ տեսնում ենք մեր պապերին, նախապապերին, օրինակ՝ իմ մորական պապը՝ բրուտ Գալուստը, ներկայացված է այդտեղ»,- պատմում է Վարդան Սարգսյանը։
    01462012-2014 թվականների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության,  ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ թանգարանում կատարվել են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ: Թանգարանում  անցկացվել է ջեռուցման համակարգ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով մինչ այս անբարվոք, սարսափելի վիճակ էր, իսկ հիմա պատկերը բոլորովին այլ է։                                                                          
    «Ինձ դուր է գալիս, որ տուն-թանգարանը փոխանցում է միջավայրը, դարաշրջանը, կենցաղը, այսինքն՝ այն ամենն, ինչին շատ մոտ ենք, ինչին ձգտում ենք, ուզում ենք ավելի շատ բան իմանալ։ Նմանատիպ թանգարանները շատ հնարավորություններ ունեն․այստեղ կարելի է նաև կրթական ծրագրեր անցկացնել, դասախոսություններ կարդալ»,- նշեց նախարարը։
   
     Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937թթ․): Թանգարանը հանդիսավորությամբ բացվել է 1970 թվականի սեպտեմբերին: Այն սկզբնապես եղել է Գորիսի մշակույթի բաժնի ենթակայության տակ, ապա 1976 թվականից դարձել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղը:
   Հիմ­նական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը: Այստեղ է պահպանվում նաև Բակունցի հարուստ գրադարանը:
     Տուն-թանգարանում այժմ կա երեք սենյակ և հացատուն: Անմիջապես մուտքի դիմաց բացվում է Բակունցի հուշասենյակը, որն անվանում էին «Սանթրու կուճի օթախ»: Այդտեղ Բակունցի գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Ցուցադրվող մահճակալը գտել են Երևանում. սենյակի կահույքը գնվել է Շուշիից Բակունցի ծննդյան օրվա կապակցությամբ: Թանգարանն ունի 4 աշխատակից:
    2012 թ․-ից գործում է թանգարանի նոր ցուցադրությունը:
Աննա Կարապետյան