«ՊԱՊԻԿԻՍ ԵՐԱԶԸ»․ ՖԻԼՄ 16-100 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

papikis-eraz-2016

Ամեն առավոտ արևածագից առաջ պապիկս գնում է երազ տեսնելու, ինձ էլ հետն է տանում, որ արթնացնեմ իրեն։
«Պապիկիս երազը» ֆիլմից


 Հոկտեմբերի 26-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ նկարիչ, այլընտրանքային անիմատոր Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան ։

«Պապիկիս երազը» «Մեծ երազներ» ֆիլմաշար-նախագծի առաջին ֆիլմն է: 16-ից 100 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմը նկարահանվել է Հայկ Սայադյանի հեղինակած հեքիաթի հիման վրա։

«Պապիկիս երազը» պատմում է տատիկիս պապիկի երազի մասին: Այն դիտելիս բոլորը հայտնվում են գունագեղ ու գեղեցիկ երազում, որտեղ յուրաքանչյուր հասարակ բան խորհրդավոր ու կարևոր է»,- նշել է նկարիչը, ով ներկա չէր ֆիլմի պրեմիերային։

Անիմացիոն ֆիլմը Հայկ Սայադյանը ստեղծել է ձեռքով՝ ջրաներկի և մատիտների օգնությամբ։ Երբեմն էլ դիմել  է իրական քամու և կրակի օգնությանը որոշակի էֆֆեկտներ ապահովելու համար։

Հեղինակը ֆիլմը երազ է անվանում։ Ֆիլմի պրոդյուսեր, մասնագիտությամբ աստվածաբան Հայկ Կիրակոսյանը կիսում է այդ տեսակետը։ Պրոդյուսերի խոսքով՝ թեև հաջորդ երազները դեռևս չկան թղթի վրա, բայց զգայական մակարդակում գոյություն ունեն։

«Ինձ համար գրավիչ էր այն հանգամանքը, որ թել էր կապում երազ տեսնողի մատին։ Ակամայից մտաբերեցի իմ մանկությունը։ Քնելուց առաջ մատիս թել կապելու սովորություն ունեի։ Չգիտեմ՝ ով էր սովորեցրել, որտեղից էր դա գալիս, բայց դա բավարար էր, որ ես համաձայնեի մնացած բոլոր փուլերով իր հետ անցնել առանց ավելորդ հարցերի։ Ավելի շատ նվիրում էր, քան աշխատանք»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Կիրակոսյանը։

Արևածագից առաջ երազի հետևից գնացող պապիկի կերպարում հանդես է գալիս հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ Գեորգի Գյուրջիևը։ Ֆիլմի երազային ընթացքն ուղեկցվում է Գյուրջիևի անվան համույթի կատարումներով։

«Պրեմիերային գալուց առաջ զանգ ստացա, զանգողն ուզում էր գրանցվել  հոկտեմբերի 28-ին ֆիլմը դիտելու համար։ Շատ ափսոսաց, երբ իմացավ, որ այսօր է, հետո ասաց՝ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել Գյուրջիևի մասին ֆիլմ նկարել։ Սա այնքան էլ պարզ հարց չէ, իրականում խորքային հարց է, բայց հարցադրման մեջ նկատվում էր որոշակի լարվածություն։ Սպասենք նաև քննադատությունների, որովհետև Գյուրջիևն ամբողջ կյանքն ապրեց մի կողմից ծաղիկներ ստանալով, մյուս կողմից քարկոծվելով։ Նույն բախտը սպասվում է ֆիլմին կամ ֆիլմաշարին»,- մեզ հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսերը։

«Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկված է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը անցկացվող «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի մրցութային ծրագրում։

Աննա Կարապետյան