«ՕՏՐԻ ՏՐԻՈ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՖԼԵՅՏԱՅԻՆ ԵՌՅԱԿԸ

otri-trio
Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի շրջանակներում, նախօրեին կայացավ Հայաստանի առաջին ֆլեյտային եռյակի՝ «Օտրի Տրիո»-ի շնորհանդես համերգը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Օտրի Տրիո»անսամբլը համերգային ծրագրի մեկնարկը տվեց ոչ պատահական ստեղծագործությամբ։

«Այս տարվա գարնանը միասին զրուցում էինք և միտք ծագեց համատեղ մի գործ կատարել։ Սկսեցինք մտածել, թե որ ստեղծագործությունն է, որ գրված է ջութակի, ֆլեյտայի և ալտի համար և հիշեցինք Բեթհովենի Սերենադը ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, ռե-մաժոր ստեղծագործությունը։ Փորձեցինք, ստացվեց և որոշեցինք, որ մեր շնորհանդես համերգին առաջինը հենց այս ստեղծագործությամբ ենք ներկայանալու հանդիսատեսին»,- Cultural.am-ին ասաց Արևիկ Կոսյանը։

Հայաստանում լինելով առաջին ֆլեյտային եռյակը՝ աղջիկները մտածել են նաև յուրօրինակ և հիշվող անվանում ունենալու մասին։ Այդ հարցում վերջիններիս օգնել է Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Օտրի» բառը լատվերենից թարգմանաբար նշանակում է այլընտրանք։

Այլընտրանք առաջարկելով հայկական դասական երաժշտական արվեստում «Օտրի Տրիո»-ն հանդիսատեսի համար նաև անակնկալ էր պատրաստել՝ կոմիտասյան փոխադրումների տեսքով։

«Համերգային ծրագիրն ավարտելու ենք Կոմիտասի մանրանվագներով։ Մտածեցինք, որ համերգային ծրագրում անհրաժեշտ է ընդգրկել աշխույժ, ժողովրդին ծանոթ ստեղծագործություններ։ Քանի որ այս կազմի համար Կոմիտասի փոխադրում չկար, աշխատեցի ստանալ այն, ինչ մեզ անհրաժեշտ էր և կարծում եմ ստացվեց։ Ընտրել ենք «Հոյ նազան», «Երկինքն ամպել է» և ևս մի քանի ստեղծագործություններ, որոնք անակնկալ կկատարենք մեր հանդիսատեսի համար»,- Cultural.am-ին ասաց անսամբլի ջութակահարուհի Անժելա  Հովհաննիսյանը։

Ֆլեյտային եռյակի կազմում ընդգրկված են Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ) և ԱրևիկԿոսյանը (ալտ)։

Ալինա Նահապետյան