Օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ հնչեց խաղալիք դաշնամուր

Hayk_Melikyan_Toy_piano

   Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագիծը հունիսի 25-ին հյուրընկալեց միջազգային ճանաչում վայելող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին: Մենահամերգն ամբողջովին նվիրված էր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորԻգոր Ստրավինսկուն: Համերգի ընթացքում դաշնակահարը կատարեց կոմպոզիտորի երեք ճանաչված բալետների վիրտուոզ դաշնամուրային փոխադրումները՝ «Պետրուշկա», «Սրբազան գարուն» և «Հրեղեն հավք», ինչպես նաև Ստրավինսկու օրիգինալ դաշնամուրային ստեղծագործություններից մեկը՝ խաղալիք դաշնամուրի վրա: Խաղալիք դաշնամուրին են անդրադարձել այնպիսի աշխարհահռչակ կոմպոզիտորներ, ինչպիսիք են ամերիկացի Ջոն Քեյջը, գերմանացի Կարլհայնց Շտոքհաուզենը և այլք:

 

   Շքասրահը լեփ-լեցուն էր, և մարդիկ ոտնկայս հետևում էին դաշնակահարի կատարմանը խաղալիք դաշնամուրի վրա` հատակին:

 

   «Ես Ստրավինսկու երաժշտությամբ եմ մեծացել, և նրա փոխադրումները տարբեր մրցույթներին և փառատոններին եղել են իմ այցեքարտը: Իսկ հենց «Հինգ մատի համար» դաշնամուրային շարքը ես միանշանակ պատկերացնում էի խաղալիք դաշնամուրի հնչյուններով, այդ իսկ պատճառով էլ նախաձեռնեցի հենց այս գործիքով կատարումը», - նշեց դաշնակահարը: