ՕՊԵՐԱՅԻ ԱՆՈՒՇՆԵՐԸ

Anush-80-2015
    Արմեն Տիգրանյանի «Անուշը» օպերային թատրոնում է արդեն 80 տարի։ Հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան նորից լսելու առիթ էր ստեղծվել դեկտեմբերի 14-ին։ «Անուշը» բեմադրել են Վարդան Աճեմյանը, Տիգրան Լևոնյանը։ Նոր բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն է։
   Նախքան ներկայացումը հնարավորություն ունեցանք շրջել ճեմասրահներում, ծանոթանալ «Անուշի»՝ տարբեր տարիներին արված լուսանկարներին։ Հանդիպեցինք  տարիներ առաջ Անուշին մարմնավորած Ալիսա Հեքիմբաշյանին։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը դեռ ուսանողուհի էր, երբ մուտք գործեց օպերային թատրոն։ Սկզբում մարմնավորում էր Անուշի ընկերուհուն, հետո Անուշին, հիմա ինքն է «Անուշներ պատրաստում»․թատրոնի ռեժիսորներից մեկն է։
 001 alisa heqimbashyan   «1974 թվականի ապրիլի 16-ն էր։ Հուզված, ոգևորված բեմ դուրս եկա, բարձր տրամադրությամբ էլ ավարտեցի ելույթս, բայց մտածում էի՝ երանի մի քիչ էլ շարունակվի»,- առաջին ելույթն է վերհիշում տիկին Ալիսան։
    Քսան տարի, հարյուրից ավելի ելույթներ Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Թիֆլիսում և այլուր։
    «Մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ ամեն ելույթին։ Աշխատել եմ այնպես անել, որ ներկայացումը նախորդին նման չլինի։ Ամեն անգամ մի նոր շտրիխ էի մտածում»,- պատմում է նա։
    Դեկտեմբերի 14-ը օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է։ Հեքիմբաշյանը նշեց, որ ամեն տարի այս օրը «Անուշը» ներկայացնում են։
    «Բախտ եմ ունեցել ելույթ ունենալ Գոհար Գասպարյանի հետ։ Նա ինձ համար ուղեցույց է եղել։ Գալիս էր իմ բոլոր փորձերին։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս հիշում էի նրա խորհուրդները։ Մեծություն էր։ Մինչ օրս ոչ ոք չի գերազանցել նրան»,- նշում է երգչուհին։
01 anush by Arthur Gevorgyan    Նոր բեմադրված ներկայացման մեջ Անուշին մարմնավորել է երիտասարդ երգչուհի Արևիկ Գյուլբուդաղյանը, ով տիկին Ալիսայի ուսանողուհին է եղել։
    «Բոլոր Անուշներին էլ նույն խորհուրդն եմ տալիս՝ լինել պարզ, անմիջական։ Անուշը տարբեր է մյուս կերպարներից, ուրիշ մոտեցում է պահանջում։ Կերպարը պետք է քո միջով անցնի։ Պիտի հարազատ պիտի մնաս Թումանյանին և Տիգրանյանին»,- ասում է Ա. Հեքիմբաշյանը։
    Արևիկ Գյուլբուդաղյանը «Անուշ» օպերային ներկայացման կազմում է արդեն յոթ տարի։ Անուշին մարմնավորում է առաջին անգամ։ Դասական վոկալը նրա երկրորդդ մասնագիտությունն է։ Տնտեսագիտությունից եկել է երաժշտական աշխարհ, բայց շարունակում է սիրել երկուսն էլ։
     «Անուշը» Արևիկի երկրորդ գլխավոր դերն է։ Մարմնավորել է Պանինային Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում։
    Օպերային երգչուհու հետ զրուցել ենք նախքան բեմ բարձրանալը։ Հուզված էր, բայց վստահ, որ լավ է ելույթ ունենալու։ Ասաց և իրականացրեց։
    Լուսանկարները տե՛ս այստեղ:
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի