ՆՇՎԵՑ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ

elibekyan-75
«Նրա ստեղծած ոչ մի կոմպոզիցիա չի կրկնում մյուսին, հիշեցնում է մեր հին վարպետներին, որ խցերում քաշված` անանց արժեքներ էին ստեղծում: Նրա միակ թշնամին մաքուր կտավն է»: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանն այսպես է արտահայտվել  գեղանկարիչ  Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքների մասին:

Ռուսական արվեստի թանգարանում  բազմաթիվ արվեստասերներ ու նկարչի հարազատները այսօր հավաքվել էին՝ նշելու նրա 75-ամյակը:

Ռոբերտ Էլիբեկյանն այն արվեստագետներից է, ովքեր հակադրվեցին արվեստի խորհրդային ընդունված ընկալումներին և հաստատեցին մաքուր արվեստի ինքնուրույն արժեքը: Վարպետի լեզուն հագեցած է ոչ միայն մոդեռնով, այլ նաև հայկական ավանդական մշակույթի  հատկանիշներով: Նրա թեմատիկան ու ոգեշնչման աղբյուրները բազմազան են. «Ամեն ինչից էլ կարող եմ ոգեշնչվել. ընկերերից  մինչև հայրենի հող ու բնություն, եղել են դեպքեր, որ նույնիսկ դժվարությունից ոգեշնչված եմ ստեղծագործել»,-ասում է նա:

Ռոբերտ Էլիբեկյանը արվեստի մեջ սահմանափակումներ չի սիրում, արվեստն ինչքան բաց լինի, այնքան ավելի արագ կզարգանա. «Արվեստը ստեղծում է ելք դեպի նոր իրականություն, որտեղ կյանքն ու գույներն ուրիշ են` զերծ սահմանափակումներից»,- ասում է նա:

«Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը նշանավոր է մեծ սինթեզի  առումով: Նա միախառնում է տարբեր շրջաններին բնորոշ գեղանկարչական տարրեր,  կարողանում է համադրել ավանդականն ու ժամանակակիցը»,- նշեց Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանն ու ավելացրեց, որ նկարչի կտավների կարևոր առանձնահատկությունն արվեստի բուն  էությունն այլաբանորեն արտահայտելն է:


Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում: 1965 թ. ընդունվել  է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1973 թվականին Հայաստանի նկարիչների 10-րդ համագումարում ընտրվել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ 2014 թվականին լույս է տեսել Ռոբերտ Էլիբեկյանի գիրք-ալբոմը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական կենսագրությունը: Գրքում ներկայացված են  նաև Էլիբեկյանի տարբեր ժանրերի գործերը, հիշողություններն ու մտորումները։ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում:

Էլմիրա Միրաբյան