ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԵՍ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԷԻ. ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑ

atoyanc2
«1994 թվականն էր: Ներկայիս Ակնա, Վարանդա քաղաքների դիրքերում էինք: Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ ֆիլմ էինք նկարում պատերազմի մասին: Հենց ժապավենը հանձնում էի, վերցնում էի ֆոտոխցիկն ու սկսում ինձ համար նկարել»,- այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իր` «Արցախ-1994» ֆոտոցուցահանդեսի բացման առիթով լրագրողների հետ զրույցում հիշեց կինոօպերատոր, լուսանկարիչ Լևոն Աթոյանցը:

Ցուցահանդեսում ընդգրկված են նրա՝ պատերազմի դաշտում արված շուրջ 200 լուսանկարներից մոտ 30-ը: «Փակցված լուսանկարները ոչ մի անվանի լուսանկարչի աշխատանքի չեն զիջում»,- ասում է լուսանկարիչ Վիգեն Մնոյանը: Մնոյանը վարպետի ուսանողներից է: Հենց նա էլ նախաձեռնել է «Արցախ-1994» լուսանկարների ցուցահանդեսը:

atoyanc3«Լևոն Աթոյանցը  մեծ կինոօպերատոր է, շատ լուսանկարչական ցուցահանդեսներ չի ունեցել: Ցուցահանդեսի գաղափարը վարպետը շատ վաղուց ուներ: Ապրիլյան իրադարձություններից ելնելով` որոշեցինք անպայման իրագործել, ցույց տալ Արցախյան պատերազմի խրոնիկան: Լուսանկարներն ընտրել ենք ընկերոջս` լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ: Որոշեցինք ներկայացնել դիմանկարները, ինչը նաև Աթոյանցի ցանկությունն էր»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց լուսանկարիչը:
 
Ուսուցչի խորհուրդները Մնոյանը միշտ հիշում է. «Ինձ համար ոչ միայն օպերատորության, լուսանկարչության, այլև կյանքի ուսուցիչ է Աթոյանցը: Կյանքի հանդեպ լավատեսական մոտեցումը, որն ունի նա, քչերին է հատուկ»:

Կինոօպերատոր, լուսանկարիչ Լևոն Աթոյանցը, սակայն, իր ու իր արած աշխատանքի մասին շատ խոսել չի սիրում:

«Ինչ պատմեմ: Մարդիկ հայրենիքն էին պաշտպանում, ես էլ նրանց նկարում էի»,- համեստորեն ասում է նա:

Աթոյանցի` հիշողություն դարձած լուսանկարներից ամեն մեկն իր ստեղծման պատմությունն ունի: Խնդրեցինք պատմել դրանցից մեկը:

atoyanc1
«Այ էն, որ թրաշվում ա: Հոսպիտալի ղեկավարն էր, ազգանունը` Մարուքյան: Ամեն օր մի հարյուր հոգու վիրահատում էին: Մարուքյանը ծիծաղեցնում էր, կատակներ անում ճիշտ այնպես, ինչպես մենք մեր տանը: Մոտեցա, հարցրի` դուք Մարուքյան եք: Նա էլ, թե` որտեղից իմացար: Մահացավ: Այդպես էլ չիմացա` որ գյուղից էր:Իմ պապական ազգանունն Աթոյանց չէ: Մերոնք Մարուքյաններն են, Արցախից»,-պատմեց նա:

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-54թթ. սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954թ. աշխատել է մեքենաների վերանորոգման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955թ. տեղափոխվել է Հայաստան: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960թ. և 1963թ. գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000թթ. սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:
Աննա Կարապետյան