«ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐ»․ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ

nor-taxandner-angelika-morozova
 Հոկտեմբերի 21-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)  բացվեց «Նոր տաղանդներ» 4-րդ նախագծի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի համադրող Արփա Հակոբյանի խոսքով՝ նախագիծը նորը փնտրելու նպատակ ունի։
 

«Սա հարթակ է սկսնակ արվեստագետների համար, որտեղ նրանք առիթ են ստանում փորձ ձեռք բերել և հանդիպել դիտողին: Սա առիթ է լինել ստեղծարար»,- նշում է Հակոբյանը։

«Նոր տաղանդներ» 4-րդ նախագծին մասնակցում են երիտասարդ արվեստագետներ Ռայա Բաբայանը, Ավետ Բազե Ավետիսյանը, Ստեֆանի Ասատրյանը, Իննա Կոլուպաևան, Անժելիկա Մորոզովան և Արևիկ Առաքելյանը։

Քար, ծառեր, ջուր ու գույն, և զուգահեռ տարվող մարդկային զգացողություններ․ երիտասարդ արվեստագետները վերադառնում են բնությանը։

ՆՓԱԿ-ի ցուցասրահներից մեկը վերածվել է անտառի։ Ծառի ճյուղեր և բնության ձայներ․ Անժելիկա Մորոզովայի աշխատանքն է։

«Անտառի պատկերը, խոնավության, անձրևի հոտն ու մառախուղի էֆֆեկտը նոստալգիա են առաջացնում, ներկայի, անցյալի և ապագայի անորոշ վիճակ։ Այնպիսի անհասկանալի զգացողություն է, որ չգիտես՝ ինչ է եղել քո անցյալում, ինչ կա ներկայում ու ինչ սպասել ապագայից»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Անժելիկան։

Այստեղ ցուցադրվելու առիթներ վերջին տասը տարիներին  շատ են եղել։ 2015թ․-ին  ՆՓԱԿ-ում հանդես է եկել «Դարվինը եղել է այստեղ» խորագրով անհատական ցուցահանդեսով, ներկայացրել գեղանկարներ, ինստալյացիաներ և վիդեո արտ։ Անտուն կենդանիներին նվիրված ցուցահանդեսի ժամանակ «Դինգո» թիմի նախաձեռնությամբ կայացել է նաև սննդահավաք/դրամահավաք և որդեգրման ձագուկների ցուցադրություն:

«Դինգոյի» ձագուկներից մեկն այժմ Անժելիկայինն է։ Մեկ տարի է, ինչ որդեգրել է նրան։ Ասում է՝ շատ պատասխանատու աշխատանք է։

Cultural.am-ը հետաքրքվեց՝ ինչպես ստացվեց, որ բնասեր Անժելիկան կտրեց ծառերը հանուն ինստալյացիայի։

«Չեմ կտրել ծառերը, վերցրել եմ կոտրված չոր ճյուղեր, որոնք գցված էին այգում։ Եթե չգտնեի դրանք, չէի մասնակցի այս ցուցահանդեսին»,- ասաց նա։

Աննա Կարապետյան