ՆՈՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ՇՈՒՏՈՎ

545
    Փոքր թատրոնում կբեմադրվի ներառական նոր ներկայացում: Բեմադրությունը կիրականացնեն «Կանդուկո» ներառական պարային խմբի մասնագետները: Հենց նրանք էլ անցյալ տարի բեմադրել էին «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը, որն ունեցավ մեծ հաջողություն և ընդգրկվեց թատրոնի խաղացանկում:
    Նոր ներկայացման բեմադրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այս կապակցությամբ Հայաստան են ժամանել «Կանդուկոյի» գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և ներկայացման բեմադրող ռեժիսոր Ջեմայմա Հոադլին:
    Սթինա Նիլսենը ոլորտում ներառական մեթոդների կիրառման ուսուցման մեծ փորձ ունի: Որպես ուսուցիչ և բեմադրիչ` «Կանդուկոյում» է արդեն 15 տարի: Նիլսենի խոսքով՝ ներկայացումները յուրահատուկ են ոչ միայն նրանով, որ դրանք ներառական են, այլև նրանով, որ մասնակցում են փորձառու պարողներ և պարելու փորձ չունեցող մասնակիցներ:
     Ներկայացուման մեջ կխաղա «Մի լքիչ ինձ»-ի դերասանական կազմը: Կազմում ներգրավված են Փոքր թատրոնի դերասաններ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց մասնակցությունն էլ ներկայացումը դարձնում է ներառական:
    «Կանդուկոն» հիմնադրվել է Լոնդոնում 25 տարի առաջ: Սկզբում եղել են միայն ամենշաբաթյա դասընթացներ հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար, հետո արդեն «Կանդուկոն» դարձել է ներառական պարային խումբ: Հիմա էլ ողջ աշխարհում «Կանդուկոն» շարունակում է իրականացնել դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար: Անցյալ տարի խումբն ունեցել է 17.000 հանդիսական ողջ աշխարհում:
     Ներկայացման բեմադրող ռեժիսոր Ջեմայմա Հոադլին «Կանդուկոյի» հետ համագործակցում է արդեն 16 տարի: Հիմա Ջեմայման պարային խմբի արվեստագետներից է: Նա կարևոր է համարում ներկայացման միջոցով Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալը:
    «Իհարկե չենք կարող թեման ամբողջության մեջ դիտարկել: Ինձ շատ հետաքրքրեց վտարանդիության, պանդխտության թեման, այլ տեղում բնակություն հաստատելու և հետո վերածննդի գաղափարը: Ներկայացումը քննարկում է նաև այն գաղափարը, թե ինչն է տվյալ վայրը դարձնում հայրենի տուն: Խմբի մասնակիցներից ամեն մեկը յուրովի է ներկայացնում այդ զգացումը, բայց նաև կա հայրենի տան հավաքական կերպարը: Պարերի և խմբային փորձերի միջոցով շատ բան եմ իմացել հայկական մշակույթի մասին: Հարուստ մշակույթ ունեք, որն իր մարմնավորումը կստանա նաև այս ներկայացման միջոցով»,-նշեց նա:
    Նիլսենն ու Հոադլինը Հայաստանում կլինեն մինչև հունիսի 27-ը: Մինչև մեկնելը նրանք ներառական աշխատանքի իրենց փորձն ու հմտությունները կներկայացնեն նաև պարի բնագավառի մասնագետներին:
    Ներկայացման գեղարվեստական խորհրդականը Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է:
    «Ժամանակակից պարը մեծ հնարավորություններ է տալիս մարդուն: Կարող ես նույնիսկ հատուկ պատրաստվածություն չունենալ, բայց պարի միջոցով բացահայտել քո մարմինը և զարգացնել պարային ունակություններդ: Մեր հաշմանդամություն ունեցող պարողները մեծ զարգացում են ապրել ֆիզիկական իմաստով, ինչպես նաև սոցիալական շփման մեջ»,-ասաց Բադալյանը:
    Ներկայացման վերնագիրը դեռ քննարկման փուլում է: Պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերին: Ներառական ներկայացումը բեմադրվում է Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, «Սուրբ Սարգիս» բարեգործական հիմնադրամը և ՀՀ մշակույթի նախարարությունը:
Աննա Կարապետյան