Նոր մշակութային տարր մեր քաղաքում

DSC05817_resize 1
    Մի խումբ հեծանվորդներ որոշել են պարբերական ակցիաներով ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի հեծանիվը՝ ցույց տալով, որ այն ավելի առողջարար, էկոլոգիապես մաքուր և միաժամանակ հարմար փոխադրամիջոց է: Այժմ նրանք նախաձեռնել են ակցիաների նոր շարք: 
    Օգոստոսի 31-ին տասներեք հեծանվորդներ ամառը ճանապարհեցին փողկապներով: «Փողկապ և քամի» հեծանվարշավը մեկնարկեց ժամը յոթին Մաշտոցի պողոտայի «Mybike» խանութի մոտից: Ընդ որում, նշված խանութը ակցիայի մասնակիցներին անվճար տրամադրել էր հինգ հեծանիվ: Գաղափարի հեղինակ և նախաձեռնող Վահագն Վարդումյանը նշեց, որ նախաձեռնության միտքը ծնվել է անսպասելիորեն. «Վերջերս տեղի ունեցած հեծանվային մարաթոնի բացման ժամանակ միասին վարում էինք, երբ միտք հղացավ կազմակերպել հեծանվարաշավ` քաղաքի դիմագիծը փոխելու նպատակով: Քանի որ Հայաստանի հեծանվորդները հիմնականում սպորտային հագուստով են վարում, ուստի որոշեցինք փոխել ընդունված հագուստը, կրել պաշտոնական հանդերձանք` կոստյում կամ պիջակ, կապել փողկապ` ընդունելով աշխատանքից տուն վերադարձող պաշտոնյա անձի կերպարանք:
poghkap- ev-qami    Ակցիայի անվանումը պատկերավոր է, կարճ և հեշտ հիշվող: «Երկար մտածում էի` ինչպես անվանել ակցիան, և քանի որ առաջացավ հետևյալ ասոցիացիան` հեծանիվ քշելիս փողկապը քամու հետ անընդհատ թափահարվում է, հեծանվարշավին տրվեց «Փողկապ և քամի» պատկերավոր, կարճ և հեշտ հիշվող անունը»,- ասաց Վ. Վարդումյանը: Ըստ նրա` նախաձեռնությունն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ. «Նախատեսում ենք պարբերաբար կրկնել հեծանվարշավը, որովհետև, ինչպես նկատեցինք այսօր, մարդիկ ժպիտով են նայում մեզ, նրանց դուր է գալիս նոր ձևավորվող քաղաքային մշակույթի այս տեսակը»: Մեր հարցին, թե հեծանվարշավի հետագա ընթացքին հնարավոր է, որ միանան իրական պաշտոնյաներ, Վ. Վարդումյանը պատասխանեց, որ իսկապես մտադիր են իրական պաշտոնյաների հրավիրել իրենց հետ հեծանիվ վարելու: Կան պաշտոնյաներ, ովքեր արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը:
DSC05747 resize    Անի Աղաբաբյանը վարել սովորել է հենց հեծանիվ գնելու օրը, և արդեն մեկ ամիս է, ինչ հեծանիվը նրա համար դարձել է հիմնական փոխադրամիջոց. «Որոշեցի հեծանիվով տեղաշարժվել քաղաքում, քանի որ և՛ առողջարար է, և՛ հաճելի, և՛ հարմարավետ: Հեծանիվն իհարկե նրա համար ավելին է, քան փոխադրամիջոց լինելը, այն դարձել է նրա առօրյայի մի մասը. «Բացի քաղաքում հեծանիվով տեղաշարժվելուց, ամեն առավոտ ժամը վեցից երկու-երեք ժամ հեծանիվով շրջում եմ: Կյանքն այլ է հեծանիվով՝ ավելի ազատ է, ավելի թեթև»: Անիի կարծիքով ակցիան հասավ իր նպատակին. այդ են վկայում մարդկանց հայացքները, երևում է, որ նրանք հաճելիորեն զարմացած են: Իսկ ակցիայի մասնակիցներից Նարի Հակոբյանը հեծանիվ է վարում 2008թ.-ից, ու թեև չունի սեփականը, սակայն վարձակալում է` վայելելու հեծանիվով շրջելու հաճույքը: Ակցիայի կազմակերպման գործում Նարին ևս ունեցել է իր ներդրումը՝ օգնելով ստեղծագործական մի շարք աշխատանքներում: Ինչպես նա է նշում, առաջին անգամը չէ, որ նման ակցիա են կազմակեպում. «Առաջինը «skirt bike» կոչվող միջոցառումն էր, որի ժամանակ աղջիկները կրում էին բացառապես շրջազգեստներ կամ կիսաշրջազգեստներ` ցույց տալով, որ եթե կա հեծանիվ վարելու հստակ DSC05785 resizeցանկություն, ապա ամենևին կարևոր չէ` կրում ես շրջազգեստ, թե տաբատ»: Նարին հավելեց նաև, որ հասարակական վերաբերմունքի մեջ նկատվում է որոշակի առաջընթաց. «Երբ հեծանիվ եմ վարում, նկատում եմ մարդկանց ավելի ջերմ ընդունելությունը: Որոշակի առաջընթացն ակնհայտ է: Մարդիկ տեսնում են մեզ, և նրանց մեջ ամրապնդվում է հեծանվասպորտով զբաղվելու ցանկությունը»:
    Ակցիային Աբովյան քաղաքից միացել էին նաև 42-ամյա Արմեն Ասատրյանն ու Սոս Հովհաննիսյանը: «Արդեն չորս ամիս է, ինչ հեծանիվով եմ տեղաշարժվում: Աբովյանում հեռուստատեսության հիմնադիր եմ եղել, երկու մեքենա ունեմ, բայց երբ ինձ տեսնում են հեծանիվ վարելիս, մտածում են` «գործերս վատ են»,-  նշում է Արմենը: Սոսն էլ իր հերթին հավելում է. «Անցյալ տարի, երբ հեծանիվով գնում էի բանկ աշխատանքի, ասում էին` այս աննորմալն ո՞վ է, այս տարի էլ ասում են` երանի քեզ, իսկ «աննորմալ» անվանողներն իրենք հեծանիվ են գնել:
Աննա Կարապետյան