ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՈՐՁԻ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԲՈԲ ԴԻԼԱՆԻ ՀԵՏ

Bob-Dilan
    Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի կոմիտեն հայտնել է, որ այլևս չի փորձելու կապ հաստատել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի հետ Նոբելյան մրցանակի արժանանալու լուրը նրան անձամբ հաղորդելու համար:
    Դիլանը դեռևս չի մեկնաբանել անցած շաբաթ ստացած հեղինակավոր մրցանակի արժանանալու փաստը: 75-ամյա երաժիշտը մրցանակի արժանանալուց հետո համերգով հանդես է եկել Լաս Վեգասում: Համերգը տևել է ավելի քան մեկուկես ժամ, որի ընթացքում Դիլանը կատարել է 17 երգ: Ու թեև ընթացքում նա մրցանակի մասին ոչ մի հիշատակում չի կատարել, սակայն երկրպագուները «անսովոր էներգիա» են նկատել նրա կատարումներում:
    Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա դեկտեմբերի 10-ին մեկնելու է Ստոկհոլմ մրցանակն անձամբ ստանալու համար:
    BBC-ի հաղորդմամբ Շվեդիայի գիտությունների ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը այս կապակցությամբ հայտնել է. «Այժմ մենք ընդհանուր առմամբ ոչինչ չենք անում: Ես զանգահարել և էլեկտրոնային նամակ եմ ուղարկել նրա ներկայացուցչին, և ինձ շատ բարեկամաբար պատասխանել են: Առայժմ դա բավարար է»:
    Դանիուսը հայտնել է նաև, որ վստահ է` Դիլանը կհայտնվի հանձնման արարողությանը, և ընդգծել է, որ նրա պատվին տեղի կունենա արարողություն:
    Հիշեցնենք, որ 2016-ի Գրականության Նոբելյան մրցանակակիրը ամերիկացի հայտնի երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ Բոբ Դիլանն է: Նա մրցանակը ստացավ «ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչամիջոցների կիրառման համար»:
    Բոբ Դիլանը առաջին երգահանն է, ով արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի: