ՆԿԱՐԻՉ ԱՐԱՐԱՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆՈՐ ՇԱՐՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԱՆԵԿԵՆՆԵՐՆ ԵՆ

na-erazum-e
 Օգոստոսի 17-ից Արարատ Մինասյանի «Նա երազում է» կտավը ևս հինգ նկարների հետ ցուցադրվում է «Էնոտեկա Եվն» գինետանը։ Ցուցահանդեսի բացումը կրում էր «Մի նկարի երեկո» խորագիրը։

«Մեկ տարի առաջ ցուցահանդեսի առիթով Թուրքիայում էի։ Զբոսնում էի, երբ խանութներից մեկում շատ մեծ մանեկեն տեսա։ Նման մանեկեն մինչ այդ չէի տեսել․գիգանտ էր՝ մարդկային չափերից երեք անգամ մեծ։ Սև էր ու փայլուն, շատ տպավորիչ էր։ Մանեկենը ոսկեդեղին ճոխ շղթա ուներ վզին։ Երկար նայում էի։ Տպավորություն էր, թե ուզում է ասել՝ շղթան չէ իմ ասելիքը, ներսս նայիր, տես՝ ինչ կա։

Նկարի գաղափար ծնվեց։ Եկա Երևան ու սկսեցի փնտրել նման փայլուն մանեկեն»,- «Նա երազում է» կտավի մասին պատմում է հեղինակը։

Չկարողանալով գտնել ու գնել փայլուն մանեկեն՝ նկարիչը կտավի էսքիզն արել է Մոսկովյան փողոցի խանութներից մեկի ցուցափեղկի դիմաց կանգնած։ Հենց այդ էսքիզի հիմա վրա էլ ստեղծվել է նկարը։

 «Մանեկենները ինչ-որ բանի կրող են, ստեղծված են նրա համար, որ ցուցադրեն  ինչ-որ բան։ Ինձ մոտ հարց առաջացավ՝ իսկ եթե նայենք մանեկենի տեսանկյունից։

Աբստրակտ գաղափար է՝ երազող մանեկեն, բայց իր փայլի, իր մեջ արտացոլված իրականության շնորհիվ կարողացա ստանալ այդ երազանքի վիճակը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Մինասյանը։

Նկարիչը զուգահեռներ է տանում մարդկանց ու մանեկենների միջև, այդ թվում՝ երազանքների մակարդակում։

«Մանեկենին հագցնում են այն շորերը, որոնք նորաձև են։ Մենք էլ չենք որոշում՝ ոնց ապրենք, հագնվենք, տենդենցներ կան, սկսում ենք դրանց հետևել։

Մարդկանց երազանքներն էլ նման են մեկը մյուսին, քանի որ կարծրատիպային են։ Ինչի մասին ենք երազում՝ մեքենայի, ինչ-որ տեղ հանգստանալու, մարդ կա՝  տիեզերք է ուզում թռչել, բայց եթե բոլոր մարդկանց հարցնենք, կպարզվի, որ գրեթե նույն բաների մասին ենք երազում»,- նշում է նա։

«Նա երազում է»-ն մանեկեններին նվիրված շարքի առաջին նկարն է։  Հեղինակը նոր է սկսել աշխատել շարքի վրա, որը պատրաստ կլինի մոտ երկու տարուց։

Մանեկենների թեման նկարչին շատ է գրավել։ Ասում է՝ կան մանեկեններ, որոնք ինքնին արվեստի գործեր են։

Որպես նկարիչ՝ Մինասյանը ցանկանում է գտնել ինքնարտահայտման ուրույն  ուղի։

«Ուզում եմ կարողանալ գտնել այնպիսի ճանապարհ, որ ինքս ինձ չկրկնեմ, ինքս ինչ չխաբեմ, վստահ լինեմ, որ կյանքի այս փուլում թողել եմ մի բան, որի տակ տասը տարի անց էլ կստորագրեմ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Աննա Կարապետյան