«ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ» ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

hay-turqakan-project
    Երևանի Հակոբ Պարոնայանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ համատեղ համերգով հանդես եկան հայ թուրք երաժիշտներ: «Ներդաշնակության մեղեդի» խորագիրը կրող նախագծում ընդգրկված էին հայկական «The Beautified Project» ռոք խմբի երաժիշտները, թուրքահայ երգչուհի Սիբիլը և ժողովրդական գործիքների թուրք կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը:
    Երգչուհի Սիբիլի խոսքով` այս երաժիշտները մարդիկ են, ովքեր իրենց համերգներին մշտապես հանդես են գալիս հայկական երգերի կատարումներով և ինքը միշտ ցանկացել է, որ նրանք մի օր Հայաստան այցելեն: «Ես հաճախ եմ այցելում Հայաստան և ամեն մեկ անգամ, երբ վերադառնումէ Ստամբուլ և տեսնում էի իրենց, պատմում էի Հայաստանի և հայաստանցիների մասին, այն ջռրմության ամիսն, որ կա այստեղ ու միշտ ասում էի, որ կցանկանայի նրանք էլ տեսնեն դա և այսօր ուրախ եմ, որ փափագս իրականացավ»,- ասաց երգչուհին:
    Թուրք երաժիշտներն իրենց հերթին նշեցին, որ սիրով են ընդունել Հայաստանում համերգով հանդես գալու առաջարկը և երկար են պատրաստվել այս համերգին: «Այցելեցինք Մատենադարան, տեսանք այն հսկայական ժառանգությունը, որ կա: Հաճելի էր տեսնել, թե ինչպես է Հայաստանը տեր կանգնում այդ մշակույթին և ոչ միայն հայկական մշակույթին, մեր մշակույթները շատ միահյուսված են և մենք մինչև հիմա էլ հայ կոպմոզիտորների ստեղծագործություններ ենք կատարում»,- ասաց քանոնահար Գյոքսել Բակտագիրը:
    Համերգի ընթացքում հնչեցին «The Beautified Project» խմբի հայտնի կատարումները` նոր մշակումներով, որոնց մասնակցել էին թուրք երաժիշտները: Հնչեցին նաև հայկական ժողովրդական երգեր և վերջում կատարվեց մի երգի պրեմիերա, որը հեղինակել էին «The Beautified Project» խմբի երաժիշտները: Խմբի պրոդյուսեր և երգիչ Անդե Սիմոնյանի խոսքով`«Don’t blame» երգը, որևէ քաղաքական ենթատեքստ չունի. «Քաղաքական ոլորտում կարող են լինել խնդիրներ, պատմական խնդիրներ ունենք, բայց այս երգով մենք ուզում ենք ասել, որ պետք է առանձնացնել հասարակ քաղաքացիների ընկերությունը և համագործակցությունը, որևէ պատճառ կամ խոչըդոտ չպետք է լինի, որ հայ երաժիշտը չկարողանա աշխատել թուրք երաժշտի հետ»,- ասաց նա: Նշենք, որ նույն համերգային ծրագրով երաժիշտները այս ամսի 22-ին հանդես կգան նաև Թուրքիայում:
Աստղիկ Հակոբյան