«ՆԵՄԵՍԻՍ» ԿՏԱՎԻ ԾՆՈՒՆԴԸ

nemesis
    Արա Սարգսյանի տուն-թանգարանում այսօր անցկացվեց «Նեմեսիս» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հայ անվանի քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 113-ամյակին:
    Արա Սարգսյանը եղել է ԳԱ անդամ, ինստիտուտի հիմնադիր-ռեկտորը, ՀՀ նկարիչների միության հիմնադիրն ու առաջին նախագահը: Եվ միայն շատ ուշ է իմացվում, որ նա եղել է նաև ազգային գործիչ, ՀՅԴ իրագործած «Նեմեսիս» գործողության մասնակից, որի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպող երիտթուրք պարագլուխներին:
    Ուստի խիստ խորհրդանշական էր այսօր քանդակագործի տուն-թանգարանում «Նեմեսիս» խորագրով կտավ ստեղծելու մտահղացումը:     
   nemesis 2 Նախնական վիճակում կտավը պատված էր Արա Սարգսյանի ստեղծագործությունների սիմվոլներով և նաև Ցեղասպանության հուշարձանի պատկերով: Յոթ նկարիչներ, միասին աշխատելով Արա Գևորգյանի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կանք ու կլինենք» երաժշտության հնչյունների ներքո, ավարտեցին կտավը:
    «Նեմեսիս» կտավի վրա աշխատող նկարիչներից ոմանք համոզված  էին, որ կտավը չի ավարտվի, քանի որ պատմական արդարությունը վերականգնված չէ: Իսկ այս տարի հայի պայքարն այդ գործում  նոր թափ է ստացել և համախմբել համայն հայությանը:
    ««Նեմեսիս» կտավը բողոքի ճիչ է, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արա Սարգսյանի 113-ամյակին, ուստի այն դառնալու է թանգարանի սեփականությունը՝ որպես 100-րդ տարելիցի հիշողություն»,- նշեց գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը:     
nemesis 3    Իսկ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ավելացրեց, որ այս միջոցառումն ունենալու է շարունակություն. ապրիլի 17-ին նկարիչների միության դահլիճներում բացվելու է հանրապետական ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ժամանակ կբացվի նաև Արա Սարգսյանի հուշակոթողը:  
  Միջոցառումը կազմակերպվել էր «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության»  թանգարանի, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի, «Փյունիկ» հիմնադրամի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության և ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի նախաձեռնությամբ: 
Ամալյա Մարգարյան