Նախագիծ հանուն խաղաղության

erajshtutyun-hanun-khaghaghutyan
    Արդեն երկրորդ անգամ Հայաստանում են «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի անդամները: Դաշնակահարուհի Մարիա Նեմցովային և սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյային այս տարի միացել են նաև սաքսաֆոնահարներ Եվգենի Նովիկովն ու Դմիտրի Ուվարովը, ինչպես նաև արգենտինացի սաքսաֆոնահար Խուան Մանուել Դոմինգեսը:
   Նախագծի համերգը կկայանա փետրվարի 4-ին: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, ինչպես նաև Կոմիտասի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
   «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագիծն ունի 4 տարվա պատմություն: Նպատակը հակամարտության գոտում գտնվող երիտասարդ երաժիշտներին աջակցելն է, երաժշտության միջոցով միջմշակութային համագործակցության դաշտի ստեղծումը:
   «Կարևոր չէ` ինչ լեզվով ենք խոսում կամ ինչ կրոնի հետևորդ ենք: Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, այն հասնում է մի սրտից մյուսին»,- նշեց Վիտալի Վատուլյան:
   Նախագծի շրջանակներում երաժիշտները հասցրել են լինել 15 երկրում, այդ թվում` կովկասյան և բալկանյան երկրներու, Իսրայելու,, Պաղեստինում, Թունիսում: Հայաստանից հետո մեկնելու են Վրաստան:
    «Նրանք մտադիր էին ելույթ ունենալ նաև Ադրբեջանում: Ես անկեղծորեն զգուշացրի, որ մենք չենք երաշխավորում, որ նրանք կկարողանան Արցախում ելույթ ունենալուց հետո լինել Ադրբեջանում»,- ասաց Ա. Խաչատրյանի անվան տրիոյի անդամ ջութակահար Կարեն Շահգալդյանը:
    «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի անդամները ելույթ են ունենալու նաև Հնդկաստանում, իսկ գարնանը պլանավորում են լինել Ուկրաինայում: Հայաստանում և Արցախում, մասնավորապես Էջմիածնում և Ստեփանակերտում, երաժիշտները հանդես կգան համերգներով, ինչպես նաև հայ երիտասարդների համար կանցկացնեն վարպետության դասեր: Փետրվարի 3-ին` ժամը 11.00-14.00, վարպետության դաս կանցկացնեն Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 16.00-18.00` Ժամանակակից արվեստի թանգարանում` թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատի սաների համար:
    Ինչպես անցյալ անգամ, այնպես էլ այս տարի ռուս երաժիշտները կընտրեն երկու հայ երիտասարդի` Մոսկվայում կայանալիք եզրափակիչ համերգին մասնակցելու համար: 2012թ.-ին այս պատվին էին արժանացել դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը և սաքսաֆոնահար Արթուր Քոչարյանը: Երիտասարդները նույնպես կմասնակցեն խմբի երևանյան համերգին: Համերգի մուտքն ազատ է:
   Բարեգործական համերգի համակազմակերպիչն ու Հայաստան հրավիրող կողմը Ա. Խաչատրյանի անվան տրիոն և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն են:
Աննա Կարապետյան