ՆԱԲՈԿՈՎԻ ԿԱԼՎԱԾՔԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Nabokov
    Լենինգրադի մարզում գտնվող ռուս գրող, թարգմանիչ Վլադիմիր Նաբոկովի կալվածքում օրեր առաջ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց համար մարզային բյուջեից տրամադրվել է 2,2 մլն ռուբլի։
    Այս կալվածքը Նաբոկովին նվիրված ամենաշատ այցելու ունեցող թանգարաններից մեկն է։ 18-րդ դարում կառուցված կալվածքի ճարտարապետը հայտնի չէ։ Տունը գտնվում է բլրի վրա։ Այնտեղ է մեծացել Նաբոկովի մայրը, իսկ գրողն այնտեղ եղել է մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը: Սովետական իշխանությունը կալվածքում ներառել էր նաև դպրոց և հանրակացարան։
    1995 թ․-ին շենքը տուժել է հրդեհից։ 2011 թ․-ին, երբ կալվածքը՝ որպես սեփականություն, փոխանցվեց Լենինգրադի մարզին, որոշում կայացվեց այստեղ իրականացնել լայնածավալ վերանորոգում, ինչը միայն հիմա է իրագործվում։
    Նաբոկովի կալվածքում կառուցվելու է ինտերակտիվ ցուցահանդեսային տարածք, որը հնարավորություն կընձեռի հյուրերին մոտիկից ծանոթանալ Նաբոկովի կյանքին և ստեղծագործությանը։ Տանը լինելու է նաև թատերական-ցուցահանդեսային հյուրասրահ, որտեղ պարբերաբար անցկացվելու են ինչպես Նաբոկովին, այնպես էլ այլ գրողների նվիրված միջոցառումներ։
Աղբյուրը՝ novostiliteratury.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը