ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Gagik-Ginosyan
    Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակից, պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ։ Գինոսյանն ընթերցեց հատվածներ իր՝ 2006 թվականին տպագրված «Ողջո՜ւյն, տղե՜րք» ժողովածուից, պատմեց իր անցած ստեղծագործական ուղու մասին, պատասխանեց ներկաների հարցերին։ Cultural.am-ը ներկայացնում է հանդիպման ժամանակ հնչած ամենադիպուկ մտքերը։

      Հայրենիքը սկսվում է Եռաբլուրից
    Երկիրը երկու սահման ունի, երկու եզր։ Նժդեհը պիտի ասեր՝ մեծ մեռելների աճյուններից է հառնում հայրենիքը։ Մեր հայրենիքը սկսվում է Եռաբլուրից և ավարտվում է իրական սահմանով։ Քանի դեռ մենք այդ երկու սահմանը սրբության պես պահում ենք, որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի հանդեպ։ Մենք պիտի արժանի լինենք և՛ սահմանին, և՛ Եռաբլուրին։

       Կամ հայրենիքից ես, կամ հայրենիքից չես
    Կռիվ են գնում հանուն գաղափարի, սեփական ոգու ազատության, սեփական տեսակի, ազնվական կեցվածքի, վեհանձնության, գնում են, որովհետև հայրենիքը դրա կարիքն ունի։ Կամ հայրենիքից ես, կամ հայրենիքից չես, օտար մեկն ես։

     Բնակի՞չ, թե՞ քաղաքացի
    Կան երիտասարդներ, որ  ուղղակի բնակիչ են՝ մեր տանը ցուրտ է, հայրս քիչ է երշիկ բերում, իսկ կողքի տանը պիցցա են ուտում, ջեռուցումը շատ է, լույսը շատ է, հեռուստացույցի էկրանն ավելի լայն է, տեղափոխվում եմ կողքի տուն։ Ինչպե՞ս  կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել, նույնն է, որ խրամատը լքես կռվի ժամանակ։ Հայաստանը մի մեծ խրամատ է։ Եթե տարվա մեջ մոտ հարյուր տղա է զոհվում, ապա ինչ է, եթե ոչ պատերազմ։

     Կոմիտասը ազգային պարի մասին
    Կոմիտասին բոլորս գիտենք որպես երաժշտագետ, բայց նա ազգային պարի մասին երկու լուրջ աշխատություն ունի՝ «Պարն ու մանուկը» և «Հայ գեղջուկի պարը»։ Կարծում եմ՝ ավելի դիպուկ ազգային պարի մասին հնարավոր չէ ասել, քան Կոմիտասն է ասել՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։ Կոմիտասը առաջին հայ ազգային պար գրառողն է եղել։ Նրա սկզբունքները մինչև օրս էլ մեզ օգնում են, որ կարողանանք ճիշտ վերարտադրել ազգային պարը։

      Կոմիտասի թանգարանի ստեղծման պատմությունը
    Տարիներ առաջ բժիշկ, երաժշտասեր Գագիկ Շահվերդյանը միջոցառում էր կազմակերպել Կոմիտասի անվան պանթեոնում։ Կոմիտասի ծննդյան օրն էր։ Մենք խմբով պարեցինք։ Միջոցառման վերջում ասաց՝ արի, բան ունեմ քեզ ցույց տալու։ Տարավ նախկին կինոթատրոնի մոտ, որ փակ պլանիտարիում էր՝ աղբանոցի վերածված։ Ասաց՝ տես, ինչ լավ թանգարանի տեղ է, այստեղ պիտի Կոմիտասի թանգարանը լինի։ Մի շաբաթ հետո նախագահի հետ առանձնազրույցի էի։ Նախագահին ասացի, որ առնվազն սրբապղծություն է, որ Կոմիտասը Հայաստանում իր տունը չունի։ Երկրորդ հանդիպմանն ասաց՝ Մեսչյանին հանձնարարել եմ, հանդիպիր նրա հետ։ Նախագահի բառերն եմ ասում՝ աթոռները հանովի պիտի լինեն, որ կարողանաս դրսի հյուրերին այնտեղ պարել սովորեցնել։ Թանգարանի կառուցումից հետո բոլորը մոռացան՝ ով էր սկզբնաղբյուրը։ Գագիկ Շահվերդյանի գաղափարն էր, ես էլ մունետիկն էի։

     Տեսակետ հայտնելու մասին
    Մտավորականը երկու դեպքում իրավունք ունի չպատասխանելու լրագրողի հարցերին՝ եթե պատասխանը չգիտի և եթե դա սպառնում է ազգային անվտանգությանը։ Մնացած բոլոր դեպքերում, եթե դու քո երկրի քաղաքացին ես, անկախ նրանից քեզ վնասում է, թե չի վնասում, պարտավոր ես սեփական տեսակետը հայտնել։

Աննա Կարապետյան