«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ

Matenadaran
    «Մատենադարանի շենքի կառուցումն ավարտվել է 1957թ.-ին, իսկ արդեն 1959թ.-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք: 1962 թ.-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի կապակցությամբ Մատենադարանը անվանակոչել են նրա անունով»,- արագ-արագ ասում է տասներեքամյա Արմենը:
     Վանաձորի թիվ 3 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Արմենին հանդիպեցինք Մատենադարանի մուտքի մոտ: Դասարանով եկել էին Մատենադարան՝ տեսնելու ձեռագիր մատյանները, հատկապես՝ «Տոնացույցն» ու «Մշո Ճառընտիրը», որոնց մասին ուսուցչուհին շատ է պատմել:
DSC07459 Բացի Վանաձորից, այստեղ հանդիպեցինք նաև Մաստարա և Ծաղկունք գյուղերի դպրոցներից եկած մի խումբ աշակերտների, որոնցից շատերն առաջին անգամ էին այցելում Մատենադարան:
    «Ուսուցողական էքսկուրսիա էր: Տեսանք մեր ձեռագրերը, մագաղաթները: Շատ հետաքրքիր էր, թե ինչպես է այդ ամբողջը պահպանվել մինչև հիմա, գույներն էլ չեն խամրել»,-ասում է Ծաղկունքի բաց դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Սաղաթելյանը:
    «Մեր պատմությունն է այստեղ»,-
նշում է Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Արամայիս Հովսեփյանը, ով շատ է սիրում այցելել մշակութային օջախներ: Մինչև Մատենադարան գալը հասցրել է լինել նաև Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում:
    «Հայոց ցեղասպանության թանգարանում չեմ եղել, բայց շատ կցանկանայի: Եղել եմ նաև Վանաձորի թանգարաններում:  Վերջերս Ստեփան Զորյանի տուն-թանգարանում եղա: Շատ տպավորված եմ»,- ասաց Արամայիսը:
       Հայերեն ձեռագիր մատյանների ամենամեծ պահոցում քիչ չէին նաև օտարերկրացի հյուրերը:
    «Հիանալի է, գեղեցիկ, համամիտ չե՞ք»,- Մատենադարանից դուրս գալիս ասաց գերմանուհի Սեն Ֆրիդրիխը, ով Հայաստան է եկել առաջին անգամ: Մեկշաբաթյա այցելությունն այսօր կավարտվի:
    «Եղել եմ Կասկադում, Արարատն այնտեղից շատ գեղեցիկ է: Գնացել եմ Ծիծեռնակաբերդ, Էջմիածին: Երևանից դուրս նույնպես շատ գեղեցիկ է»,-պատմում է Սեն Ֆրիդրիխը:
    Ըստ նրա՝ Երևանը աշխարհի մյուս բոլոր քաղաքների նման մեծ է, կան հին ու նոր շենքեր»:
  DSC07452Հակառակ Սենի խոսքերի՝ Գերմանիայից նրա հետ ժամանած Ֆոքդ Վիոջին նշեց, որ Երևանը ամեն երկրի մեծ քաղաքի նման չէ. «Հասկանում ես, որ Երևանում ես, ոչ թե, ասենք, Փարիզում: Այստեղի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է. այն ներառում է հայկական մշակույթի հին տարրեր, որոնք նկատելի են նաև նորակառույց շենքերում»,- նշեց Վիոջին:
      Մեր այցելության պահին Մատենադարանի տարածքում նկարահանում էր կատարվում, որին մասնակցում էր նաև ճանաչված և սիրված դաշնակահար Տիգրան Համասյանը:
    «Եկել ենք նկարահանելու այն երաժշտական ձեռագրերը, որոնք ուսումնասիրել ենք մեր շրջագայության համար: «Զվարթնոցից Ստամբուլ» շրջագայության ժամանակ նվագելու ենք հայկական եկեղեցիներում»,- ասաց Տ. Համասյանը:
       Նկարահանումներն արվում են վավերագրական ֆիլմի համար, որը պատրաստ կլինի մինչև 2017 թվականը: Նախնական վերնագիրն է «Լույս ի լուսո»: Ֆիլմի և շրջագայության գլխավոր նպատակը մեր երաժշտությունը ակունքներին վերադարձնելն է:
      «Նարեկացու, Մաշտոցի, Շնորհալու ստեղծած երաժշտությունը ծնվել է այնպիսի վայրերում, որտեղ հիմա հայություն չկա, չկա նաև վանական կյանք: Պահպանված ձեռագրերը բերվել են Մատենադարան, մի մասն էլ պահվում է Մխիթարյան միաբանությունում: Մենք այդ երաժշտությունը հետ ենք տանելու ծննդավայր»,- նշեց նա:
Նյութը և լուսանկարները՝ Աննա Կարապետյանի