«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ 2015»-Ն ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

mshakuyt
  Հուլիսի 2–ից մեկնարկել է «Մշակույթների երկխոսություն 2015» հինգերորդ միջմշակութային փառատոնը: Աղվերանում են 10 երկրներից (Գերմանիա, Իսպանիա, Սերբիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Ռումինիա, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա և Հայաստան) ժամանած ավելի քան 50 երիտասարդներ: Մինչ փառատոնին մասնակցելը, նրանք ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ ուսումնասիրել են միջմշակութային երկխոսության և խաղաղության մշակույթի տեսությունները, զարգացրել համապատասխան հմտություններ:
    Այսօր մասնակիցների հետ զրուցելու հնարավորություն ունեցավ նաև cultural.am-ը:
      Մասնագիտությամբ փիլիսոփա Իլյա Միլովանովիչը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևորում է նման փառատոների անցկացումը.«Տարբեր ազգերի ներկայացուցիչներ միասին սովորում են այլ մշակույթների մասին, օրինակ՝ վրացական մշակույթի մասին, որն իմ մշակույթից հեռու է, կամ գերմանական մշակույթի մասին, որն իմից շատ է տարբերվում»:
    mshakuyt1Իլյան Հայաստան է եկել Սերբիայից: Հատկապես հավանել է վրացիների պարը. «Այն տարբերվում էր. բնությունից եկած ֆենոմեն կար պարի մեջ. պարողի շարժումները որսորդից փախչողի շարժումներ էին հիշեցնում: Ընդհանրապես շատ բան իմացա Վրաստանի մասին. մեզ մոտ այդ երկրի մասին ոչինչ չենք անցնում»:
    19-ամյա Ռատին Միխանաշվիլին Վրաստանն է ներկայացնում: Ռատինը սովորում է Կովկասի ինստիտուտի հանրային կապերի բաժնում: Նրա խոսքով՝ փառատոնը այլ մշակույթների հետ ծանոթանալու լավ հնարավորություն է. «Միմյանց հետ շփվելը, կապեր հաստատելը կարևոր է և՛ իմ հետագա կարիերայի, և՛ պարզապես ընկերական հարաբերություններ ձևավորելու համար: Մենք բոլորս կարիք ունենք այլ ազգերի ներկայացուցիչների հետ ընկերական լինելուևոչ թե մեկս մյուսից վախենալու»:
    Երբ մենք այցելեցինք փառատոնի մասնակիցներին, արդեն հասցրել էին ելույթ ունենալ Գերմանիայի, Վրաստանի և Սերբիայի ներկայացուցիչները: Հասցրեցինք տեսնել Իսպանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ելույթները:
    Մեր երկիրը ներկայացնող վեց երիտասարդները ներկայացրին ազգային երգ ու պար: Էլինե Ավդալյանը Կոմիտաս էր երգում: Նա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է, սովորում է դասական վոկալի բաժնում: Նման բազմազգ հանդիսատես առաջին անգամ է ունենում:
    mshakuyt3«Հետաքրքիր է անցնում: Թեև Եվրոպայում չեմ եղել, բայց շատ այլազգիների հետ շփվելու հնարավորություն ունեցա, շատ բաներ սովորեցի նրանց մշակույթի մասին: Գերմաներեն եմ սովորում, այստեղ էլ փորձում եմ լեզուս բացել՝ խոսելով գերմանացի մասնակիցների հետ: Փորձում եմ գոնե մի քանի բառ սովորել մասնակից երկրների լեզուներով: Շատ եմ հավանել նրանց ելույթները, հատկապես՝ վրացիների պարը»,-նշեց Էլինեն:
    «Մշակույթների երկխոսություն 2015»փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Փառատոնային մյուս օրերի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց բանահյուսությունը, ավանդական և ծիսական խաղերը, ազգային խոհանոցը և դիցաբանությունը: Իսկ սեմինար-քննարկումներն այս տարի վարում են Լեհաստանից և Գերմանիայից ժամանած դասընթացավարներ:
    Փառատոնն իրականացնում է «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական հանձնախմբի Էրազմուս + (Erasmus +)`«Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ նորվեգական Narviksenteret կազմակերպության հետ: ՀԿ-ի նախագահ Թաթուլ Դավթյանի խոսքով՝ ներկայացման հիմնական ոլորտները պահպանվել են:
    «Կան կրթական ոլորտի նորություններ՝ ինտերակտիվ, կրթական խաղեր երաժշտության և նկարչության վերաբերյալ: Մասնակիցները հնարավորություն ունեն փառատոնի ընթացքում տարբեր առաջարկներ անել ու իրականացնել: Միջմշակութային հաղորդակցության արդյունքում է, որ ոչ թե առաջնորդվում են կարծրատիպերով, այլ փորձում են ավելի խորը հասկանալ այլ մշակույթի ներկայացուցիչներին»,-ասաց նա:
    Թաթուլ Դավթյանը տեղեկացրեց, որ մտադիր են նմանատիպ փառատոներ կազմակերպել նաև Նորվեգիայում, Դանիայում և Ավստրիայում:
Աննա Կարապետյան