Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին եռամսյակը

hasmik poxosyan

   Օգոստոսի 10-ին Ծաղկաձորի քաղաքային գրադարանում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասուլիսով ներկայացրեց նախարարության վերջին եռամսյակի գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:

   Պատմամշակութային արժեքների կարևորության տեսնակյունից մեծ ուշադրություն է դարձվել մեր հուշարձաններին: Հասմիկ Պողոսյանն ասաց, որ հուշարձանների ոլորտը ամենաքննադատվող, ամենաշատ հարցեր հարուցողն է, դրա համար էլ միշտ գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև անդրադարձ կատարեց Զվարթնոցին և Գառնիին. «Վերջին պատմություններից հետո մենք մշակեցինք ընթացակարգ, թե ինչ ձևով կարող են օգտագործվել և վարձակալության հանձնվել թանգարանների և թանգարան-արգելոցների տարածքները: Ընթացակարգն ուժի մեջ է և ենթադրում է, որ պետք է լինի գրավոր դիմում որոշակի պահանջների լրացմամբ, և եթե լրացուցիչ տեխնիկական միջոցներ պետք է տեղադրվեն, դա պիտի  համաձայնեցվի,  բոլոր կնքվող պայմանագրերի պատճենները պետք է ժամանակին  ուղարկվեն  նախարարություն, որպեսզի համապատասխան ստորաբաժանումները միշտ կարողանան վերահսկել այդ գործընթացները»:

   Պատմամշակութային ժառանգության  մասին  1998թ.-ին ընդունված օրենքում կան թերացումներ, և օրենսդրական դաշտի բացերը լրացնելու համար ստեղծվել է նոր նախագծային փաթեթ: Փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող օրենքի մեջ, ինչպես նաև նորահայտ հուշարձանների մի հսկայական ցանկի ներառում հուշարձանների ցուցակի մեջ: Դրանք այն հուշարձաններն են, որոնք վերջին տարիներին են բացահայտվել պեղումների, տարբեր քաղաքաշինական գործողությունների ընթացքում. ՀՀ տարածքում հնագիտական պեղումները մշտական են, անընդհատ հուշարձանների քանակը աճում է, վերջին տվյալներով՝ դրանք 510-ն են:

   Բացի այս՝ օրենքում չկան հուշարձանների հիմնական դասակարգումներ, իսկ առանց դրանց հնարավոր չէ չափորոշիչներ մշակել: Նախարարի խոսքով՝ օրենքի նոր փաթեթի ընդունման դեպքում հստակ կլինի ողջ ընթացակարգը. Ներկա պահին չկա ընթացակարգ, ըստ որի  կարելի  է հուշարձանը  վերականգնել, նախագծային աշխատանքներ իրականացնել, շահագործման հանձնել կամ  տեղափոխել, չեն կարգավորվում նաև  վերականգնող մասնագետների հավատարմագրման, ինչպես նաև պեղումների գործընթացները:

   Օրենսդրական փոփոխութունների փաթեթը  դեռ քննարկվում է իրավաբանների հետ, սեպտեմբերին կլինեն հանրային լսումներ:

   Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կմեկնարկի Դաշտադեմի ամրոցի վերականգնման և օգտագործման ծրագիրը, ինչը ենթադրում է  մաքրման աշխատանքներ, հնագիտական ուսումնասիրություններ, որից հետո կսկսվի համապատասխան հատվածների վերականգնումը. Վերջնական նպատակը ամրոցի վերականգնումն է իր բոլոր ներքին կառուցվածքներով, իսկ այդտեղ կան և՛ պարսկական շինություններ, և՛ արաբական արձանագրություններ, հայկական եկեղեցի և այլն, պետք է վերականգնել և այդտեղ հիմնել ռազմարվեստի թանգարան: Այս ամենի արդյունքում  կլինի նաև  նոր զբոսաշրջային երթուղի:

   Կառավարության պահանջով անդրադարձ է կատարվել նաև թանգարանների մասին օրենքի բացակայությանը: Վերջին երկու ամիսների ընթացքում տարվել են օրենքի մշակման աշխատանքներ: Աշնանը օրենքը կդրվի հանրային քննարկման:

   Ուշադրության կենտրոնում են նաև տուն-թանգարանները: Գրեթե ավարտվել են Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները, քննարկվել է նաև նոր ցուցադրության հայեցակարգը: Վերանորոգվելու է Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի տանիքը և ձայնադարանները: Նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կնքվել է Արամ Խաչատրյան համերգասրահի վերանորոգման աշխատանքների պայմանագիրը: Աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ: Մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշում է  ընդունել  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ  հիմնադրելու վերաբերյալ:

   Հասմիկ Պողոսյանը կարևորեց  տարբեր ծրագրերի իրականացումը պետական և մասնավոր սեկտորների համագործակցության շրջանակում, քանի որ մասնավորի օգնության կարիքն ակնհայտ է, մյուս կողմից էլ՝ աշխատանքն այդպես ավելի արդյունավետ է:

   Առաջիկայում  նույնպես սպասվում են մշակութային միջոցառումներ ու ծրագրեր: Սեպտեմբերին Սանսուսի պալատում  կբացվի հայկական գորգերի ցուցահանդես: Գորգեր են բերվելու և՛ եվրոպական տարածքից, և՛ Հայաստանից: Վենետիկի ցուցահանդեսից հետո մեր պատվիրակությանն առաջարկել են ցուցահանդես բացել Ռումինիայի պատմության թանգարանում: Ցուցահանդեսը սպասվում է մյուս տարի: Միաժամանակ տեղի կունենա նաև մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, որտեղ  Հայաստանը նույնիսկ խորհրդային տարիներին չի ցուցադրվել:

                                                                                                                       Աննա Կարապետյան