Մրցույթի լավագույնները հայտնի են

1111
    Բրիտանական խորհուրդն այսօր ամփոփեց «Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթի և «Լավագույն գրախոսություն» մրցույթի արդյունքները: Մրցույթներն իրականացվում են «Բրիտանական ֆիլմերի փառատոնի» շրջանականերում: Փառատոնը (այդ թվում` մրցույթները) նվիրված էր հաշմանդամության թեմային և ներառականությանը, ինչի կապակցությամբ էլ այս տարի առաջին անգամ փառատոնին էր միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Մեր նպատակն է ցույց տալ այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնց ամեն օր հանդիպում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, խթանել հաշմանդամություն ունեցողների ներառումը հասարակության մեջ»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
    Փառատոնի շրջանակներում այս տարի կինոդիտումներ, ինչպես նաև երիտասարդ ռեժիսորների և կինոգործիչների հետ հանդիպումներ են անցկացվել Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում և Գավառում: Փառատոնի փակման և հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունները այսօր տեղի ունեցան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
    «Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթին ներկայացված 58 լուսանկարներից վեցն արժանացան խրախուսական մրցանակների: Հաղթող լուսանկար ճանաչվեց Արմեն Անմեղիկյանի` միասնական և ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը. «Նկարում թիմ է, ձեռք ձեռքի տված երեխաներ, որոնցից մեկի ձեռքն արհեստական է: Ցանկացել եմ փոխանցել այն գաղափարը, որ մեր միջև տարբերություն չկա, բոլորս հավասար ենք»: Լավագույն լուսանկարի համար Անմեղիկյանը պարգևատրվեց լուսանկարչական ապարատով:
     Լավագույն գրախոսականի մրցույթում ներկայացվել էին 32 աշխատանքներ: Աշխատանքներից երկուսը արժանացան հատուկ մրցանակի:«Լավագույն գրախոսական» մրցանակին արժանացավ Րաֆֆի Մովսիսյանը «Եսասեր հսկան» ֆիլմի գրախոսականի համար: Հաղթող մասնակիցը պարգևատրվեց Apple iPad պլանշետով: Րաֆֆի Մովսիսյանը կինոքննադատ է, գրախոսություններ գրում է ոչ թե առիթից առիթ կամ մրցույթից մրցույթ, այլ շատ հաճախ: Cultural.am-ի հետ զրույցում Րաֆֆին պատմեց, որ, որպես «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի համակարգող, նաև կինոսեր, ֆիլմ դիտելու առիթներ շատ է ունենում. «Տարեկան գոնե հազար ֆիլմ դիտում եմ: Նախընտրում եմ հեղինակային ֆիլմերը»: Րաֆֆի Մովսիսյանը «Եսասեր հսկան» ամբողջովին հեղինակային չի համարում, բայց, ըստ նրա, ֆիլմն ուշագրավ է նրանով, որ ֆիլմի ռեժիսորը կարողացել է գրական հիմքի վրա նոր, այլընտրանքային դաշտ ստեղծել գրականություն-կինո փոխհարաբերությունների մեջ: «Ռեժիսորը ոչ թե սյուժետային զարգացում է բեմականացրել, այլ գրականությանը հատուկ կետերը թարգմանել է կինոյի լեզվով»: Երիտասարդ կինոքննադատն այժմ զբաղվում է միայն կինոգիտությամբ, բայց կինոյի այլ ասպարեզներ մուտք գործելն էլ չի բացառում. «Ապագայում գուցե մի օր ֆիլմ նկարեմ»:
                                                                                                            Աննա Կարապետյան