ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԸ ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐԵՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

mirzoyan-qaryak
Մայիսի 10-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բեմում Միրզոյան քառյակն էր: Լարային քառյակի համերգը նվիրված էր Էդուարդ Միրզոյանի 95 ամյակին:

 Ջութակահար Արամ Ասատրյանի խոսքով  Էդուարդ Միրզոյանի շունչը և հոգևոր ներկայությունը անպայման պետք է պահպանվի իր ստեղծագործությունների միջոցով:

2012 թվականին «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների համագործակցության արդյունքում ձևավորված քառյակի անդամներն իրենց առաջ նպատակ են դրել աշխարհի տարբեր բեմերում ներկայացնել հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես, Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

Քառյակի կազմում են ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, ալտ Արմեն Թորոսյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը: Երաժիշտները հասցրել են կարճ գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողություններ գրանցել  ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային բեմերում:

Մեծանուն կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգում ներառված էին Ռուբեն Սարգսյանի, Լևոն Չաուշյանի ստեղծագործությունները`նվիրված Էդուարդ Միրզոյանին, ինչպես նաև կոմպոզիտորի «Թեմա և վարիացիաներ» լարային կվարտետը: Քառյակը միայն համերգներով չի սահմանափակվում:

Ջութակահար Արամ Ասաատրյանի հավաստմամբ` բացի համերգներից , այս ամսվա ընթացքում նաև երեխաների համար համերգ-դաս պիտի կազմակերպվի` հիմնված Շոստոկովիչի քառյակի վրա: Խմբի անդամները շատ են կարևորում նոր սերնդի մշակութային կրթվածությունը. «Նոր սերունդը պիտի իմանա, որ գոյություն ունեն մշակութային մեծ արժեքներ և, հենց փոքր հասակից դրանք պետք է երեխայի արժեհամակարգի մեջ առաջնային տեղ ունենան»,- մեզ հետ զրույցում նշեց ջութակահարը:


Էլմիրա Միրաբյան